Սեփականատերը մի հասարակ տեղացի բժիշկների ընտանիք է. պարզաբանում՝ քարերի սիմֆոնիայից

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՅԻՑ

Որքան փորձեցինք չխառնվել այս գործին, չստացվեց։

Երեկ գնացինք Գառնու ձոր՝ Քարերի Սիմֆոնիայի դիմաց կառուցվող տաղավարը տեսնելու ու տեղեկություն ստանալու համար։

Տեղեկացնենք, որ նախորդ տարի այնտեղ երկաթե, բետոնապատ տաղավարներ կար, որոնց համար այնտեղ գնացած, նկարահանած և նախարարությունում ներկայացրած կազմակերպություններից մեկը եղել է մեր ակումբը։

Հիմա փորձենք կետ առ կետ անրադառնալ խնդրին՝

1․ Ինչպես տեսանք, գետի հունը փոփոխության չէր ենթարկվել, ընդամենը մի հատվածում գետի ափը բարձրացրել և հավասարեցրել էին ընդհանուր տարածքին։

2․ Երկաթյա տաղավարները քանդել ու հեռացրել էին։ Սեփականատերը իր խոսքում ասաց, որ տեղյակ չէր, որ չի կարելի ու առանց խնդրի հեռացրել է դրանք։

3․ Շինարարություն, որպես այդպիսին այնտեղ տեղի չէր ունեցել, ցեխից ազատվելու համար տարածքը լցրել էին սպիտակ շեբենով։

4․ Այն ինչ տեսնում ենք նկարներում, բացարձակ փայտից պատրաստված կոնստրուկցիա է, ինչպես օրինակ Պարզ լճի հարակից տարածքում կամ Ազգային պարկերում պատահող հանգստի կետերը։

5․ Սեփականատերը նշեց նաև, որ տարածքը լինելու է հանրային, այսինքն այնտեղ եղած նստարանները, ցայտաղբյուրը , հովարանը լինելու է անվճար ու հասանելի բոլորին։

6․ Նշեց նաև, որ տաղավարի տակ կլինեն մի քանի վաճառքի կետեր, կվաճառվի ջուր, թեթև սնունդ սուվինիրներ և այլն։ Այսինքն այն, ինչ տեսնում ենք ամեն հուշարձանի մոտ, սկսած տաճարից մինչև ցանկացած վանք կամ բնական հուշահամալիր, ուղղակի նորմերին համապատասխանող և տեսարանը չփչացնող։

7․ Ինչ վերաբերվում է տարածքի մաքրությանը, պիտի անկեղծ լինենք ու նշենք, որ գետը և երկկողմանի ափերը մի քանի հարյուր մետր տարածքով մաքրված էր, ու գոնե մենք գիտենք ինչ է նշանակում դա։

8․ Ամենակարևորի մասին։ Տարածքը ի զարմանս մեզ չէր պատկանում ինչ-որ մեծահարուստ պաշտոնավորի կամ ինչ-որ կազմակերպության։ Սեփականատերը․ որ վերը գրվածում արդեն մի քանի անգամ նշեցինք, մի հասարակ տեղացի բժիշկների ընտանիք է, մասնավորապես գրանցված է 27 տարեկան ատամնաբույժ աղջկա անունով։ Եվ նա աշխատանքները կատարում է պետության կողմից տրված ինչ-որ բիզնես վարկավորմամբ։

Վերը նշված մի քանի կետերը արդեն իսկ բացառում են այնտեղ խորովածանոցի կամ ճաշարանի առկայությունը։ Իրենք տարածքը և տաղավարը անվանում են տուրիստական հանգստի կետ, որտեղ իրենք հնարավորություն կունենան փոքրիկ առևտուր անելու, իսկ մնացածին տարածքը կծառայի, ուղղակի՝ անվճար։

Հ․Գ․
Այսքանը շարադրելուց հետո, մի քանի խոսք ասենք նրանց, ովքեր հանդես են գալիս բնության շահերից։

Պայքարեք ու կռիվ տվեք ամեն թիզ հողի ու ճյուղի համար, դա աստվածային է։ Բայց պայքարելիս մի կորցրեք ձեր խիղճն ու մի փակեք ձեր աչքերը, այլպաես աստվածայինը վերածվում է անաստվածայինի։

Մեզ շատ ագրեսիվ դիմավորեցին սեփականատերերը, բայց մի փոքր խոսելուց հետո հասկացանք, որ ով հասցրել եկել, վիրավորել, պախարակել ու գնացել է։ Ու նորմալ էր իրենց վերաբերմունքը մեզ, մտածել էին հերթական մարդիկ ենք, ով պիտի գա ու հալածի իրենց գործը։ Պատմում են, որ ասել են դուք ԹՈՒՐՔԻՑ ԲԵԹԱՐ ԵՔ (բառացի ցիտում ենք այդ աղջկա խոսքերը, ով լացը զսպելով պատմում էր)։

Ու նրանք, ովքեր Լաստիվերներում և նման գոտիներում, որտեղ ևս բնական հուշարձաններ են, միայն մուտքի համար արդեն գումար են տալիս, ու համակերպվում են դրա հետ, թող լռեն։ Մեր ակումբը իր երթուղիների ցուցակից հանել է նման վայրերը, որտեղ քեզ պատկանող բանը փորձում են վաճառել քեզ վրա։

Հա՛, ու մի բան էլ, երբ կռիվ են տալիս մեծ նախագծերի դեմ, որոնք իրոք քանդում են բնությունն ու շրջակայքը, սկսած ռեստորաններից, հյուրանոցներից մինչև հանքեր, շատ բնապահպաններ անէանում ու հոդս են ցնդում։ Մի եղեք այդպիսին, ինքնահաստատվել թույլերի վրա, դա հարիր չէ բնության շահերը ԻՐԱԿԱՆ ներկայացնողին։

 

«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում