Երևանի բուսաբանական այգին այդպես էլ չբարեկարգվեց

ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգու արդիականացման և զարգացման ծրագիրն այդպես էլ չդարձավ իրական: 2017թ.-ի ապրիլ ամսին հայտարարվեց, որ «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամը պատրաստվում է Երևանի բուսաբանական այգին դարձնել այցելուների ամենասիրելի վայրերից մեկը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մինչ այժմ նախագիծն իրականացնել չի հաջողվել:

Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցեց «Աջակցություն բուսաբանական այգուն» հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Սարգիս Աղայանի հետ: Վերջինիս նշեց՝ ելնելով որոշ հանգամանքներից, ինքն այլևս հիմնադրամի տնօրենը չէ:

«Ես այլևս հիմնադրամի տնօրենը չեմ: Շատ քիչ կապ ունեմ հիմնադրամի հետ, համարյա չունեմ, արդեն մի քանի ամիս եղավ, ինչ ես անձամբ ոչ մի բան չեմ անում: Հիմնադրամը գոյություն ունի, բայց իմ իմանալով առանձնապես ակտիվ չէ: Ես ինքս քանի ամիս է 0 գործ եմ արել, ոչ մի բան չեմ արել ...»,- ասաց նա:

Մեր հարցադրմանը, թե ինչն է հեռանալու պատճառը, պարոն Աղայանը նշեց, որ պետական հիմնարկի հետ աշխատանքը չի հաջողվել: «Չստացվեց... այգու ամեն ինչը գտնվում է ինստիտուտի տնօրինության տակ, իսկ «Աջակցության հիմնադրամը» կառույց է, որը պետք է ինչ-որ գործողություններ անի այգու հետ, որ այգին բարեկարգվի և այլն, բայց ոչ մի լծակ, ոչ մի բան հիմնադրամի ձեռքը չկա, փաստացի: Ոչ էլ ծառայություններ է կարողանում մատուցել, այդ ամեն ինչը ինստիտուտինն է, իսկ առանց դրա՝ դժվար է: Մի քանի միջոցառումներ արեցինք, լավ միջոցառումներ էին, ահագին միտում կար, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Հիմա էլ վերջնական չէ: Ես ինքս «Երիտասարդ կենսաբաններ» ՀԿ նախագահն եմ, երևի արդեն ՀԿ-ով ինչ-որ բան ստացվի, որովհետև հիմնադրամը ստեղծվեց ու ձեռքը ոչ մի լծակ չկա, էլ տարբերությունը ո՞րն է»,- հավելեց Ս. Աղայանը:

Վերջինս նշեց, որ մի քանի զանգվածային և հաջողված միջոցառումներ են անցկացվել. «Ես ինքս կազմակերպեցի, մեր ՀԿ-ն ահագին գործ արեց՝ և՛ ֆինանսական ներդրում, և՛ մարդկային ռեսուրսներ, որպեսզի պատշաճ մակարդակով արվի, ուղղակի հետո կարծես անիմաստ էր դառնում դա հիմնադրամով անելը... իմ տեսանկյունն էր դա, դրա համար ես ասացի՝ չեմ կարող այսպես աշխատել: Դա զուտ իմ տեսանկյունն է, միգուցե նաև հնարավոր է և լավ էլ աշխատեն»:

Մեր հարցադրմանը, թե արդյո՞ք ինչ-որ աշխատանք տարվել է դոնորներ ներգրավելու ուղղությամբ, նախկին տնօրենը պատասխանեց, որ ինքն առաջին հերթին փորձել է ֆունկցիաները բարելավել, իսկ դոնորներ ներգրավելուն գործը այդպես էլ չի հասել: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե որքան է իրատեսական նման ծրագրի իրականացման համար ներդրողներ գտնելը, Սարգիս Աղայանը պատասխանեց. «Իրատեսական է միանշանակ, ուղղակի այդ ամեն ինչը պետք է դուք տնօրինեք: Դոնորներն էլ կան, ամեն ինչ կա, ուղղակի եթե այդ ամենն արվելու է, ծառայությունները մատուցվելու են նորից նույն ինստիտուտի կողմից, որն իրականում մենեջմենթի չի տիրապետում, բերած ներդրումները ինչ-որ ժամանակավոր էֆեկտ են ստեղծելու, բայց իրականում նորից հետ է գալու նույն տեղը: Իմ նպատակը մի քիչ ավելի համակարգային լուծում տալն է: Եթե մենք գոնե մենեջմենթը լավացնեինք, գոնե այգում ծառայությունների մասով կկարողանայինք արդեն դոնորի բերածով կայուն եկամտի աղբյուր ստեղծել, որ հետագայում այգին կարողանար արդեն առանց դոնորների էլ աշխատեր: Ես ինքս դոնորներին չէի հասել, որովհետև իմ նպատակը այդ ամեն ինչը կարգի գցելն էր: Բայց քանի որ այդ ամենը հիմնադրամի ձեռքում չէր, ես ինքս մտածեցի, որ իմ այնտեղ մնալն անիմաստ է: ՀԿ-ի հետ կապված փորձում ենք բանակցել, որ գոնե որոշ ծառայություններ մեր ՀԿ-ն կարողանա կազմակերպել, որ քիչ-քիչ գոնե սկսենք աշխատել»,- եզրափակեց իր խոսքը նա:

Մենք զրուցեցինք նաև «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի ներկայիս տնօրեն Մերինե Սարգսյանի հետ, ով համաձայնեց պատասխանել մեր գրավոր հարցերին: (Գրությանն ամբողջությամբ ծանոթացեք կից լուսանկարներում)

Մերինե Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է Հիմնադրամի կողմից այգու զարգացմանն ուղղված հետագա ծրագրերին, գրելով՝ «2017թ.-ին ինստիտուտի առաջատար գիտաշխատողների նախաձեռնությամբ ստեղծվել է «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամը, որի հիմնական նպատակն է՝ նպաստել բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանության և էկոլոգիական կրթության ազգային կենտրոնի ստեղծմանն ու զարգացմանը: Երևանի բուսաբանական այգում ներկայումս առկա են կայուն նախադրյալներ՝ ինչպես բուսաբազմազանությամբ հարուստ գիտական հավաքածուների, անհրաժեշտ ենթակառուցվածքների, այնպես էլ մասնագիտական ներուժի առկայության առումով: Հիմնադրամն ունի մշակված ծրագիր՝ հաստատված հոգաբարձուների խորհրդի կողմից»:
Սակայն 2017թ.-ից ի վերա արված գործերի մասին հատվածն այդքան էլ բովանդակալից չէր: «2017թ.-ին կազմակերպվել է ծառատունկ, աղբահանություն, հեծանվավազք և այլ միջոցառումներ: Անցկացվում են էքսկուրսիաներ դպրոցականների և նախադպրոցական հաստատությունների սաների հետ, մշտապես լինում են ուսանողական պրակտիկաներ»,- ասվում է գրության մեջ:

Մերինե Սարգսյանը նշում է նաև. «Ներկայումս անբավարար խնամքի և անբարեկարգ պայմանների պատճառով այգին դեռևս չի ծառայում որպես այցելուների ռեկրեացիոն հաճելի վայր»:

Ի վերջո, վերոնշյալ պնդումը, թե զարգացման ծրագիրն այդպես էլ մնացել է թղթի վրա, հաստատում է նաև «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի ներկայիս տնօրեն Մերինե Սարգսյանը՝ գրելով. «Չնայած մամուլի, հեռուստատեսության և տարբեր կայքերի ակտիվ լուսաբանմանը, ցավոք դեռ չեն արձագանքել սրտացավ մարդիկ, միջազգային կազմակերպություններ, որոնց ֆինանսական օգնությամբ հնարավոր կլիներ իրականացնել այգու բարելավման աշխատանքները»:

Այսպիսով, ծրագիրը, որով նախատեսվում էր նոր շունչ հաղորդել Երևանի բուսաբանական այգուն, այդպես էլ մնաց անկատար: Դրա պատճառը ոչ ճիշտ կառավարումն է, ինչպես նշում է Սարգիս Աղայանը, կամ էլ, ներկայիս տնօրենի պնդմամբ, ֆինանսական միջոցների բացակայությունը: 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում