Աշխատաժողով՝ Հայաստանում Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի վերաբերյալ
Նոյեմբերի 20-21-ը աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգին և Հայաստանում դրա տեղայնացման հեռանկարների քննարկմանը նվիրված աշխատաժողովը:
Երկօրյա միջոցառումը կազմակերպել է ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ գերատեսչության կողմից իրականացվող և գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է միջազգային խորհրդատվական կոնսորցիումի աջակցությամբ, որի առաջատար կազմակերպությունն է գերմանական GITEC-IGIP GmbH ընկերությունը։
Աշխատաժողովի անցկացման համար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Հայաստան են հրավիրվել կենսոլորտային պահպանավայրերի ոլորտում մեծ փորձառություն ունեցող գերմանական «Միխաիլ Զուկովվ» հիմնադրամի ներկայացուցիչները և միջազգային փորձագետներ, ովքեր երկօրյա աշխատաժողովի ընթացքում կներկայացնեն ոլորտի միջազգային փորձը, ինչպես նաև, ծանոթանալով Հայաստանում այդ հայեցակարգի տեղայնացման հեռանկարներին, կներկայացնեն իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ։
Աշխատաժողովի բացման հանդիսավոր մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը: Աշխատաժողովի էությունն ու գերմանական «Միխաիլ Զուկովվ» հիմնադրամի հայաստանյան պլաններին անդրադարձել է հիմնադրամի ներկայացուցիչ Ուլի Գրաբները:
«Հայաստանը վերջին տասնամյակում փորձել է բավարար չափով ապահովել այն ելակետային օրենսդրական և ինստիտուցիոնալ նախապայմանները, որոնք անհրաժեշտ են կամ կարող են մեր երկրում նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի զարգացմանը:
Մենք գիտակցում ենք, որ մեր հեռանկարային զարգացման պատկերացումները կարող են և փոքր ինչ ամբիցիոզ թվալ, սակայն վստահ ենք, որ դրանք կարող ենք իրականություն դարձնել, քանզի այս հարցում մեր թիկունքում ունենք միջազգային հանրության և հեղինակավոր կառույցների աջակցությունը, ովքեր նույնպես բարձր են գնահատում մեր պատրաստակամությունը, Հայաստանի բնաշխարհը, բնական ժառանգությունը, հարուստ կենսաբազմազանությունը, համայնքային յուրահատկություններն ու մշակույթը»-իր խոսքում նշել է Արծվիկ Մինասյանը:
Ծրագրի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը հույս է հայտնել,որ խորհրդաժողովի համար նախատեսված 2 օրերի ընթացքում կլինեն արդյունավետ քննարկումներ, մտքերի և փորձի փոխանակում:
«Ակնկալում ենք նաև հետագա գործողությունների կամ այլ կերպ ասած ճանապարհային քարտեզի ուրվագծում՝ Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի քննարկման, միջազգային հաջողված փորձի և հնարավոր խնդիրների ներկայացման, Հայաստանում հայեցակարգի կիրառման, անհրաժեշտ նախապայմանների և հետագա քայլերի ու գործողությունների նախանշման ուղղությամբ: Հատկապես այս համատեքստում մեծ են մեր սպասումները ոլորտի առաջատար միջազգային կազմակերպություններից մեկի՝ գերմանական <<Միխայիլ Զուկով>> հիմնադրամի մեր գործընկերներից և հրավիրված միջազգային փորձագետներից»-նշել է«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի տնօրենը:
«Միխաիլ Զուկովվ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ուլի Գրաբները ներկայացրել է երկօրյա աշխատաժողովի էությունը և հիմնադրամի հայաստանյան պլանները: Երկու օրերի ընթացքում անդրադարձ կլինի կենսոլորտային պահպանավայրերն վերաբերող բազմաթիվ հարցերի, կներկայացվի միջազգային փորձը, Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի զարգացման հեռանկարները, այդ թվում, Սյունիքի մարզում պոտենցիալ կենսոլորտային պահպանավայրի ստեղծման հնարավորությունը, կլինեն քննարկումներ հաղորդակցման և իրազեկվածության բարձրացմանն ուղղված ռազմավարության շուրջ: Աշխատաժողովը հրաշալի հնարավորություն է համախմբելու տեղական և միջազգային շահագրգիռ կողմերին և առանցքային գործընկերներին՝ նպատակ ունենալով ստեղծել ընդհանուր հարթակ Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի հետագա զարգացման և փոխշահավետ համագործակցության համար։