Վարչապետը ներկա է գտնվել «Թալին-1» արևային կայանի բացմանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ներկա է գտնվել Հայաստանում ամենամեծ՝ 1ՄՎտ հզորությամբ «Թալին-1» արևային կայանի բացման արարողությանը: Նշվել է, որ այս եզակի նախագիծն արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի, բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում: Նախագիծն իրականացվել է հայաստանցի ներդորղների խմբի (Էդուարդ Մարության, Արայիկ Կարապետյան, Զավեն Սարգսյան, Հայկ Չոբանյան) միջոցներով և «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակում համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի և KFW բանկի կողմից: Ծրագիրն իրականացրել է «Սոլար Փրոդաքշն» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը։
Արևային կայանի բացման արարողությունից հետո վարչապետն առանձնազրույց է ունեցել Միջազգային էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է, և պետությունը կարևորում է այս բնագավառի դիվերսիֆիկացումը՝ իրականացնելով տարբեր ծրագրեր: Իր հերթին, Ուրբան Ռուսնակը ողջունել է ՀՀ կառավարության քայլերը՝ էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: