Արդվիի ոսկու հանքը կարող է ոչնչացնել մի քանի բնակավայր
Այս տեսարանը բացվում է հենց Արդվի գյուղից։ Գիտեք երևի, որ Արդվին այն բնակավայրն է, որտեղ մի շարք հայկական ֆիլմեր են նկարվել, որտեղ կան մշակութային և բնության հուշարձաններ։ Արդվին գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա, իսկ նկարում լեռների այն մերկ հատվածը՝ անտառներից վեր, այն տարածքն է, որտեղ ուզում են շահագործել ոսկու հանքը։ Այս պատմությունը շատ տարօրինակ է, բայց ես Ձեզ միայն փաստերն եմ ուզում ներկայացնել։
Ուրեմն՝ ձախ կողմի մերկ լեռնագագաթը՝ կոչվում է Շեկաղբյուր, որտեղ նախատեսվում է փորել` ներառելով ողջ անտառազերծ հատվածը, ծովի մակերևույթից 2050 մետր է բարձր։ Այս տեսարանի ողջ հատվածը զբաղեցնում է գյուղի արոտավայրերի մոտ 60%-ը։ Գյուղում, որտեղ մարդիկ զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ, ծայրահեղ աղքատություն չկա։ Իրենք կարողանում են իրենց գոյությունը պահել գյուղատնտեսության, կենդանապահության հաշվին։ Սակայն հանքը կարող է ոչ միայն հասցնել ժողովրդին աղքատության, այլև դառնալ գյուղի դատարկման պատճառ։ Հանքի համար նախատեսում են քանդել մոտ 500-600 մետր խորությամբ հանքախոռոչ, այսինքն՝ դրա ներսը փորվելու է մինչև գյուղի բնակելի հատվածի մակարդակը։ Տվյալ տարածքում լեռնալանջերից սկիզբ է առնում 7-8 աղբյուր, որոնք էլ ջրի հիմնական պաշարն են ապահովում ոչ միայն Արդվիի, այլ հարևան բնակավայրերի, այդ թվում ամենախոշոր Օձուն գյուղի համար։ Լեռան բոլոր կողմերում՝ ոչ մեծ հեռավորությունների վրա, չորս կողմից բնակավայրեր են։ Այսինքն, Արդվիի ոսկու հանքը, որը պատրաստվում է լցնել մի քանի ծակ ստամոքս, կարող է ոչնչացնել մի քանի բնակավայր՝ հարյուրավոր ընտանիքներով հանդերձ։
Բնապահպան Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան էջից: