Կենդանիների սպանդ պետական մակարդակով. Պատասխանատուն Ազգային Ժողովն է

«Մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում»,- գրում է կայքերից մեկը: Իսկապես, տեղի ունեցածն արտակարգ է մարդկանց դրսևորած դաժանության տեսանկյունից: ՀՀ օրենսդիր մարմնի կողմից տարիներ շարունակ անտեսվող այս խնդիրը այժմ «արտակարգ» երանգ է ստացել:

Նույն կայքը գրում է նաև, որ մայիսի 23-ին Զովունի գյուղի բնակիչների կողմից ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ, 47-ամյա Համլետ Հաջոյանի Նովո մականվամբ ցուլը պարանը կտրել և կոտրել է տան դարպասներն ու դուրս եկել փողոց՝ վտանգ ներկայացնելով ազգաբնակչության համար: Գյուղացիները մեծ դժվարությամբ՝ «կվալտի» օգնությամբ, կարողացան Նովոյին տապալել:

Ո՞վ է մեղավորը

Մեղավորը ցո՞ւլն է, դրա տե՞րը, գյուղացիները թե՞ ԱԻՆ աշխատակիցները:

Վստահորեն կարելի է պնդել՝ նման իրավիճակի առաջացման առաջնային մեղավորը ՀՀ օրենսդիր մարմինն է:

Կայքի հրապարակման տեսարանի նկարագրություն. Ցուլը գտնվում է ցանկապատից ներս: Մի խումբ հաղթանդամ տղամարդիկ երկաթե գործիքով հարձակվել են վերջինիս վրա, իսկ ԱԻՆ աշխատակիցները հետևում են գործընթացին: Այս տեսարանը ժպիտ է առաջացնում հավաքվածների մոտ, անգամ մանուկների, ովքեր ականատեսն են այս տեսարանի:

Արդեն երկար տարիներ է բազմաթիվ, կենդանասերներ, բնապահպաններ և ակտիվիստներ պայքարում են, որպեսզի ՀՀ ԱԺ-ն ընդունի Կենդանիների նկատմամբ դաժանությունը դատապարտող օրենք: Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք լինում կենդանիների նկատմամբ մարդկանց կողմից դրսևորվող հակամարդկային գործողությունների, որի դեմ պայքարել, սակայն, չենք կարող: Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ ոչնչացնում են թափառող կենդանիներին հանրայնորեն, ամենադաժան եղանակով և պետական մակարդակով: Այս տարվա փետրվար ամսին YN.am-ը հրապարակեց տեսանյութ և լուսանկարներ, որը ոչ այլ ինչ էր, քան թափառող շների սպանդ:

Այս առիթով մեզ հետ զրույցում «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական միության նախագահ, իրավապաշտպան Նարե Արամյանն ասաց. «Ամոթ է մեզ, որ անգամ օրենսդրական իմաստով ոչինչ չի տեղաշարժվել վերջին 10 տարիների ընթացքում: Անգամ Ուզբեկստանն արդեն ունի քրեորեն պատժելի արարք համարվելու վերաբերյալ քրեական օրենսգրքում հոդված, որը արգելում է կենդանիների նկատմամբ դաժանությունը: Դեռ չեմ ասում վարչական իրավախախտումների տեսանկյունից առաջընթացը բոլոր երկրներում, անգամ ԱՊՀ, բացի Հայաստանից»:

Այս դեպքում ևս կենդանու նկատմամբ կիրառվում է դաժան վերաբերմունք պետական կառույցի ներկայացուցիչների ներկայությամբ: Ըստ կայքի հրապարակման, փրկարարարական աշխատանքները տեղում ղեկավարում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի ղեկավար Արամ Մանասյանն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի խմբի պետ էդգար Գալոյանը:

Նախքան նոր խորհրդարանի ձևավորումը, ՀՀ ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Մարտուն Գրիգորյանին ուղղված մեր գրավոր հարցման պատասխանում ասվում է. «2016թ.-ին ՀՀ ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացվել Տիգրան Ուրիխանյանի կողմից հեղինակված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկվել է հանձնաժողովի 10.05.2016 նիստում, և որոշ բացթողումների ու թերությունների պատճառով նախագծի նստաշրջանի օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարով»:

Այժմ նոր խորհրդարանում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառվարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դարձավ Վարդևան Գրիգորյանը: Հուսով ենք, նրա գործունեությունը կլինի առավել արդյունավետ և ՀՀ-ն վերջապես կունենա համապատասխան օրենք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում