Հայաստանի ջրային տարածքներում ժամանակավորապես արգելվել է խեցգետնի որսը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 15-ին հրաման է ստորագրել, որով ձվադրման ժամանակահատվածում` 2017 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը, ՀՀ ջրային տարածքներում արգելվում է խեցգետնի որսը:
Հանձնարարվել է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենին իրականացնել հսկողություն Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում` խեցգետնի որս թույլ չտալու համար, բնապահպանական պետական տեսչության պետին` երկօրյա ժամկետում ներկայացնել սույն հրամանի կատարումն ապահովող վերահսկողական միջոցառումների ծրագիր:
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման համապատասխան կետերը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրությունները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: