Երևանի կենդանաբանական այգին վերածվել է «գազանանոցի»

Օրերս հայտնի դարձավ, որ մի քանի թափառող շներ ներխուժել են Այգու Եվրոպական եղնիկների ազատավանդակ և հարձակվել կենդանիների վրա։ Ըստ Երևանի կենդանաբանական այգու տարածած հայտարարության երկու եղնիկ անկում են ապրել, մի քանիսը ստացել են տարբեր չափի վնասվածքներ: Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը չի բացատրել, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել պատահարը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների շները թռել են պարսպի վրայով և հայտնվել վանդակում:

Խոսքը գնում է Եվրոպական եղնիկ (Dama dama) տեսակի մասին: Ի դեպ, այս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում: Օրինակ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում այս տեսակի եղնիկի որսն արժե 3500 դոլար: Այսինքն թափառող շները մայիսի 6-ին Երևանի կենդանաբանական այգում 7000 դոլար արժողությամբ «որս» են արել: Չհաշված, որ վնասվել են ևս մի քանի կենդանի:

Չնայած նրան, որ Երևանի կենդանաբանական այգին եկամուտ է ձևավորում տոմսերի վաճառքից, սակայն օժանդակություն է ստանում նաև պետական կառույցներից, մասնավորապես Երևանի քաղաքապետարանից: Միայն 2014թ.-ին Քաղաքապետարանն այգու բարեկարգման համար տրամադրել է 300 միլիոն ՀՀ դրամ, իսկ 2015թ.-ին Երևանի քաղաքապետարանի կողմից բաց ընթացակարգով կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ին 87 միլիոն 169 հազար դրամ է հատկացվել՝ Երևանի կենդանաբանական այգու մուտքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարելու համար։ Բացի այդ, այգում գործում է նաև խնամակալության համակարգ: Այսինքն, անձը ցանկության դեպքում կարող է ստանձնել կենդանու խնամակալությունը՝ վճարելով համապատասխան վճար: Սահմանված է անհատական խնամակալության 4 մակարդակ՝ Բրոնզե (20.000 ՀՀ դրամ), Արծաթե (35.000 ՀՀ դրամ), Ոսկե (50.000 ՀՀ դրամ), Պլատինե (100.000 ՀՀ դրամ): Խոսքը գնում է բացառապես անհատական խնամակալությանը: Գոյություն ունի նաև կորպորատիվ խնամակալություն՝ այլ պայմաններով:

Ինչպես նշված է Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքէջում՝ «Երևանի կենդանաբանական այգին հանրային սեփականություն է»: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը մի կողմից ֆինանսավորում է այգին, մյուս կողմից վնաս պատճառում: Ըստ էության, Երևանում թափառող կենդանիների խնդրի առկայությունը խոսում է հենց Քաղաքապետարանի կատարած աշխատանքի որակի մասին: Երևանի տարածքում թափառող կենդանիների խնդրի վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ը: Այս խնդրին անդրադարձել ենք բազմիցս: Այս ոլորտում առկա օրենսդրական բացը թույլ է տալիս գործել ըստ ցանկության և ոչ թե ըստ օրենքի պահանջի: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում