«Норникель» ընկերությունը խոստովանել է, որ Դալդիկան գետը կարմրել է իր կոմբինատի հոսքաջրերով

Սեպտեմբերի 6-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում Ռուսաստանի Դալդիկան գետով վառ կարմիր հեղուկ է հոսում:

Դալդիկան գետը հոսում է Ռուսաստանի Նորլիսկ արդյունաբերական շրջանում, որտեղ գտնվում է աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մեկի՝ «Норникель»-ի "Надежда" մետաղագործական կոմբինատը:

Գետի վիճակի մասին տեղի բնակիչները ահազանգել են Ռուսաստանի բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարություն՝ ներկայացնելով լուսանկարներ: Գետի աղտոտման համար բնակիչները մեղադրել են «Норникель» ընկերությանը: Ռուսաստանի բնական ռեսուրսների նախարարությունը իրավիճակի պարզման համար հետաքննություն է սկսել:

Ինքը՝ «Норникель»-ը, մինչև սեպտեմբերի 12-ը հերքել է գործարանի առնչությունը գետի կարմրելուն: Սակայն սեպտեմբերի 12-ին հանդես է եկել պաշտոնական մամլո հաղորդագրությամբ՝ խոստովանելով գործարանի պոչատարից արտանետումների մասին: Ընկերության հաղորդագրության մեջ ասված է.

«Դալդիկան գետի վիճակը պայմանավորված է անոմալ անձրևներով»

Նորլիսկ արդյունաբերական շրջանում գտնվող Դալդիկան գետի գույնի ժամանակավոր փոփոխման հետ կապված տեղական ԶԼՄ-ներում առկա հայտարարությունների վերաբերյալ «Норникель» ընկերությունը հայտարարում է հետևյալը.

«Норникель» -ն անցկացրել է Դալդիկան գետի գույնի ժամանակավոր փոփոխման բոլոր պատճառների ստուգում և պարզել, որ 2015-2016թթ. ընկերությունն իրականացրել է Նորլիսկ արդյունաբերական շրջանում գտնվող "Надежда" մետաղագործական կոմբինատի հիդրոմետալուրգիայի արtադրամասի պոչամբարի և պոչատարի վերակառուցում: Սեպտեմբերի սկզբին իրականացվել են նոր խողովակի վերջին հատվածի մոնտաժի ավարտման աշխատանքները: Մոնտաժված խողովակի զոդումից առաջ աշխատանքների կազմակերպման ծրագրով նախատեսված էր ողջ պոչատարը դատարկել, նրա ողջ հոսքաջրերը լցնել պոչամբար: Զոդման վայրերում կառուցվել են պատվարներ, որոնք կանխում են հոսքաջրերի մնացորդների տարածումը: Սեպտեմբերի 5-ին անոմալ անձրևների պատճառով (մեկ օրում տեղացել է ամսական նորմայի մոտ 50% -ի չափով անձրև) պատվարներից մեկից եղավ ջրի մեծ հոսք, որը լցվեց Դալդիկան գետ:

Չնայած երկաթային աղերով ջրի կարճաժամկետ գունավորմանը, տվյալ միջադեպը մարդկանց կամ գետի ֆաունայի համար վտանգ չի ներկայացնում:

Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ գնահատելու ամենից շատ պատմական աղտոտման վայրերը և լիկվիդացնելու հին պոչատարի շահագործման հետևանքները հողի սանիտարական մաքրման եղանակով: «Норникель»-ն առավելագույն ջանքեր կներդնի, որպեսզի ապագայում բնության անոմալ երևույթները նման իրավիճակների չհանգեցնեն»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում