Ամուլսարի ծրագիրն ունի անկառավարելի ռիսկեր, ՀՀ-ում նրա իրականացումն անթույլատրելի է

«Ասպարեզ» օրաթերթի հարցազրույցը Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանի հետ:

-Լեւոն, կպատմե՞ք Ամուլսարի ծրագրից, ի՞նչ է այն ենթադրում:

-Ամուլսարի հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի սահմանագլխին` Ամուլսարի գագաթային հատվածում: Շահագործել նախատեսող «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերության ներկայացմամբ` այդ հանքավայրը իբրեւ թե իրենք են հայտնաբերել, սակայն երկրաբանները, ովքեր ծանոթ են խորհրդային տարիներին իրականացված հետազոտություններին, մասնավորապես` երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը իր հոդվածում եւ գրքում հստակ գրում է, որ դա Կաքավասարի բազմամետաղային հանքավայրն է, որը Խորհրդային միության տարիներին ուսումնասիրվել է եւ ոսկու պաշարները գնահատվել են մոտ 20տ, բայց շահագործում չեն իրականացրել: «Lydian International Limited» ընկերությունն այդ հանքավայրի մի մասն առանձնացրել է, անունը դրել` Ամուլսարի հանքավայր եւ հայտարարում է, որ անկախության տարիներին առաջին նոր հանքավայրն է հայտնաբերել: Իրենք ուսումնասիրությունները սկսել են 2005թ-ից եւ այս տարիների ընթացքում տարբեր թվեր են ներկայացնում` հաստատման: Սկզբում` 17տ ոսկու պաշար, այնուհետ` 56տ, հետո 70տ եւ այդպես շարունակ: Ուրեմն` դա ցրված ոսկու հանքավայր է, որի պարունակությունը, միջին հաշվով, մոտ 0,7-0,9գ է մեկ տոննայում, այսինքն` իր պարունակությունը շատ ցածր է ու դեռ հարց է, արդյո՞ք իրենց նշված քանակությամբ ոսկի կա այնտեղ, թե՞ ոչ, անձամբ ես կասկածներ ունեմ: Խնդիրը նրանում է, որ նմանատիպ հանքավայրերի շահագործման արդյունքում կան կառավարելի ռիսկեր եւ վտանգներ, որոնց ազդեցությունը հնարավոր է մեղմացնել կամ, որոշակի տեխնոլոգիաներ իրականացնելու դեպքում, վերացնել, բայց կան նաեւ այնպիսի ռիսկեր, որոնք ուղղակի անհնար է կառավարել: Այս դեպքում մենք եւ բազմաթիվ մասնագետներ, ես կասեի, նույնիսկ Հայաստանի բոլոր անկախ մասնագետները, ովքեր կապ չունեն կառավարության կամ կոնկրետ նշված ընկերության հետ, միանշանակ պնդում են, որ այս նախագիծն ունի այնպիսի անկառավարելի ռիսկեր, որոնց պատճառով Հայաստանի տարածքում նրա իրականացումն անթույլատրելի է:

-Ի՞նչ ռիսկերի եւ վտանգների մասին է խոսքը:

Մասնավորապես երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի կարծիքը նշեմ, որը չի կարելի համարել դիլետանտական կամ բնապահպանի կարծիք: Նա հստակ ասել է, որ այս հանքավայրի շահագործման արդյունքում հանքավայրի բաց հանքը հսկայական տարածք է գրավելու, այնտեղ երկրաբանական կառուցվածքը, ապարների ճեղքայնությունն այնպիսին է, որ ամբողջ տեղումները, ձնհալքներն անմիջապես ներծծվում են: Եվ պարզապես անհնար է կառավարել, որպեսզի չներծծվեն, թեպետ նախագծում գրված է, որ այդ ջրերը իրենք կուղղորդեն: Բայց երբ խոսքը գնում է 150-200 հա տարածքի մասին, ի՞նչ կառավարելու մասին է խոսքը: Եվ այդ բոլոր ջրերը հանքի բացվելուց հետո շատ արագ ներծծվելու են, քանզի, երբ դու բացում ես հանքը, բնականաբար, այդ ապարները, որոնք առաջ փակ էին բնության ներգործությանը, այժմ բացվում են: Եվ այդ ամբողջ ջրերը կներծծվեն, նաեւ ապարների ճեղքայնությունը հաշվի առնելով, դրանք կլինեն շատ լուրջ վտանգավոր եւ ռեակտիվ ջրեր: Իսկ դրա կողքով անցնում է Որոտան-Արփա-Սեւան թունելը եւ, բնականաբար, առաջին հերթին այդ թունելի կառուցվածքները կքայքայվեն, քանի որ դրանք շատ ակտիվ նյութեր են, կվնասեն եւ բետոնային պատնեշները, նաեւ մետաղական կոնստրուկցիաները, ինչպես նաեւ այդ ռեակտիվ, թթվային ջրերը կխառնվեն հոսող ջրերին եւ թունելով կհասնեն Սեւանա լիճ: Եւ այս վտանգը անհնար է կառավարել: «Lydian International Limited» բրիտանական օֆշորային ընկերության կողմից, ըստ էության, հիմնավորված պատասխան չկա, միայն պնդում են, որ դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ:

-Ամուլսարի շահագործման թույլտվությունն արդեն իրենք ունե՞ն:

-Թույլտվությունը կա, իրենք երեք-չորս անգամ տարբեր թույլտվություններ են ստացել տարբեր ժամանակներում, բայց, չգիտես ինչու, այսքան տարի ձգվում է: Մեկ անգամ 2009թ.-ին են ստացել, այնուհետեւ` 2012թ., հետո` 2014-ին եւ հիմա չորրորդ անգամ են ինչ-որ նոր նախագիծ ներկայացրել: Անընդհատ փոփոխություններ են արվում, ծավալների ավելացում-պակասեցում եւ այլն: Այս վերջին անգամ, հատկապես, հետաքրքիր էր, որ չէին կարողանում ֆինանսավորում գտնել, քանի որ ոսկու միջազգային գինը իջել էր, իսկ իրենց ծախսերը բավականին բարձր էին՝ մոտ 700 դոլար մեկ ունցիա ոսկու արդյունահանման համար, եւ իրենց պետք էր, որ այդ ծախսերը նվազեին, որպեսզի ներդրողներ գտնվեին: Այդ ընդացքում մեր կառավարությունը շատ «պատահական» որոշում կայացրեց, որ կարելի է այդ հանքավայրերի շահագործման ճանապարհների թեքությունները փոխել եւ ավելի մեծ թեքություններով կառուցել: Եվ այդ փոփոխությունը համընկավ իրենց ցանկությանը, անմիջապես վերանայեցին նախագիծը եւ ստացվեց, որ դրա արդյունքում կարելի է 86 մլն դոլարով նվազեցնել շահագործման ծախսերը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում