Տաքացումը և խոնավության բարձրացումը կհանգեցնեն հիվանդություններ փոխանցող միջատների տարածմանը
Մինչ 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կխլի տարեկան 250 հազար մարդու կյանք:
Մահացության հիմնական պատճառները կդառնան մալարիան, դիարեան, ջերմային հարվածներն ու թերսնումը: Այս տվյալները հնչեցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Փարիզում անցկացված կոնֆերանսի ժամանակ՝ նվիրված առողջության վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Տաքացումը և խոնավության բարձրացումը կհանգեցնեն հիվանդություններ փոխանցող միջատների տարածմանը: Երաշտներից, ջրհեղեղներից, անոմալ շոգից կտուժի բերքը, հետևաբար, կավելանա քաղցած մարդկանց թիվը: Կավելանա օդի աղտոտվածությունը, կձգձգվի բույսերի ծաղկման շրջանը, իսկ արդյունքում կավելանա ասթմայով և ծաղկափոշու ալերգիայով տառապողների թիվը:
Ջրհեղեղների և եղանակի տաքացման հետևանքով ջրային աղբյուրների աղտոտման արդյունքում կտարածվեն ջրի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդությունները:
2015 թվականին Փարիզում ընդունված կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը նախատեսում է կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը կլիմայի փոփոխության առավել լուրջ հետևանքներից: