Հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի մի շարք համայնքների ճանապարհները վնասվել են
Հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի մի շարք համայնքների ճանապարհները վնասվել են:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը:
«Առատ տեղումներից ճանապարհները վնասվել են Տավուշ, Վերին Կարմիր Աղբյուր, Խաշթառակ և այլ համայնքներում: Ճանապարհների խնդիրը սուր է դրված Խաշթառակ համայնքում: Այստեղ վերջին օրերին բավական ուժեղ անձրևներ եկան: Հորդառատ տեղումների հետևանքով համայնքների ճանապարհները դժվար երթևեկելի են դարձել»,-ասել է Կարեն Ադամյանը:
Նրա տեղեկացմամբ, կազմվել է համապատասխան հանձնաժողով, ներկայում համայնքներում ճշտվում է առատ տեղումների հետևանքով առաջացած վնասի չափը: Ավարտվելուց հետո հաշվետվությունը կներկայացվի մարզպետարան:
«Պատկերը պարզ լինելուց հետո կորոշենք, թե որ համայնքին ինչպես և որքանով օգնենք: Ամեն դեպքում այս պահին կարող ենք ասել, որ բնակելի տներ, անասնագոմեր, ինչպես մյուս մարզերում, չեն վնասվել, մեզ մոտ խոսքը միայն ճանապարհներին է վերաբերում»,-ավելացրել է Կարեն Ադամյանը:
Հուլիսի 6-ի հորդառատ անձրևների հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչների տները, այգիները, հողամասերը, բերքը: Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները, տները: