Արենու, Մոզրովի քարանձավները դառնալու են կատարելագործված զբոսաշրջային օղակներ

Այս տարի կմեկնարկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրը: Ծրագրով Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Արարատի, Սյունիքի մարզերի տնտեսության մեջ պետք է բարելավվեն ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները զբոսաշրջային ոլորտի ներդրման ավելացման համար: Նախատեսվում է շենքերի ճակատների, հանրային տարածքների, թանգարանների, ճանապարհների և ջրային մարմինների վերականգնում, զբոսաշրջային ծառայությունների համար ներդրումների ապահովում:

Զբոսաշրջային օղակների կատարելագործման համար ընտրվել են հետևյալ կենտրոնները՝ Գառնու տաճարը և ձորը, Գեղարդը, Խոր վիրապը, Արենու, Մոզրովի քարանձավները, Զորաց Քարերը և Խնձորեսկը, Հաղպատը և Սանահինը:

Օրերս տեղի ունեցավ ծրագրի «Բնապահպանական, սոցիալական և մշակութային ժառանգության ռազմավարական գնահատում» փաստաթղթի վերաբերյալ շահագրգիռ կողմերի հանրային քննարկումը: Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին մարզերում աղբահանության վատ կառավարման, ջրամատակարարման, արդյունաբերության՝ որպես տուրիզմի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, համայնքներին հարակից գետերի աղտոտվածությունը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի ծրագրերի կառավարման և ֆինանսական հարցերով խմբի պատասխանատու Արտակ Պողոսյանը քննարկման ընթացքում նշեց. «Յուրաքանչյուր տարր, որ իրականացվելու է, կամ յուրաքանչյուր լումա, որ ծախսվելու է, այդ ենթակառուցվածքները դուք տեսնելու եք: Մենք փորձում ենք օպտիմալ օգտագործել այս ռեսուրսը: Եթե քարտեզը տեսաք, դա նույն Հյուսիս-հարավ մայրուղին է և եթե ճանապարհը կառուցվում է, հաջորդ քայլով պետք է դրա կողքին զարգանա զբոսաշրջությունը և մնացած ենթակառուցվածքները,- նշեց Արտակ Պողոսյանը և հավելեց,- Ես կարող եմ հավաստիացնել, որ տեխնիկական առաջարկների մեջ դրված է պահանջ աղբահանության հետ կապված, այսինքն այդ հարցը դրված է որպես խնդիր»:

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրը իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմանդրամի կողմից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 68 միլիոն ԱՄՆ դոլլար, որից Համաշխարհային բանկի վարկը` 55 միլիոն դոլլար է, իսկ Հայաստանը կտրամադրի 13.75 միլիոն ԱՄՆ դոլար որպես համաֆինանսավորում:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում