ՀՀ հողերին սպառնում է անապատացում
ՀՀ հողերի մեծամասնությանը սպառնում է անապատացում, որին նպաստում են ոչ ճիշտ գյուղատնտեսությունը, գերարածեցումը, անտառների հատումը և այլն:Գյուղատնտեսական հողերի 60%-ն արոտավայրերն ու խոտհարքներն են, որոնց հիման վրա զարգանում Է անասնապահությունը: Սակայն սխալ անասնապահությունը բացասական ազդեցություն է թողնում անտառների, մարգագետինների և դրանց կենսաբազմազանության վրա: Հայաստանի Հանրապետության տարածքի 82%-ն անապատացված է: Անապատացման հիմնական գործոնները բաժանվում են 3 խմբի՝ անտառների ապօրինի հատում (որը հանգեցնում է հողի էրոզիայի), անասունների գերարածեցում արոտավայրերում և գյուղատնտեսական սխալ գործունեությունը, որը ևս կարող է հանգեցնել հողերի անապատացմանը։ Վերոնշյալ պատճառների շարքին կարելի է դասել նաև սխալ կառուցապատումը, թափոններով հողերի աղտոտումը։ Աղբահավաքման, աղբահեռացման հարցերի ոչ ճիշտ կառավարումը նույնպես հանգեցնում է անապատացման։ Հայաստանում մոտ 25.000 հեկտարը բնական աղուտ-ալկալի հողեր են, 30.000 հեկտարը՝ երկրորդային աղակալված հողեր, և ընդամենը 50.000 հեկտարն է նորմալ՝ չաղակալված հողեր։ Աղակալումը նույնպես անապատացում է, սակայն ոռոգման համակարգը կարգավորելու դեպքում երկրորդային աղակալված հողերը կարելի է հանել այս կարգավիճակից։ Հողերի ոչ ճիշտ օգտագործումը հանգեցնում է աղակալման, էրոզիայի, սողանքների, աղտոտվածության և այլն: Համապատասխան բնապահպանական միջոցառումներ չիրականացնելու դեպքում այդ հողերին սպառնում են քայքայումն ու բերրիության անկումը:
