Կարճաղբյուրում ջրհեղեղը լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին և ենթակառուցվածքներին

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում հունիսի 24-ի հետկեսօրին տեղացած հորդառատ կարկտից և անձրևից առաջացած ջրհեղեղը լուրջ վնասներ է պատճառել գյուղի երեք թաղամասերի վեց տասնյակին մոտ տնտեսություններին և ենթակառուցվածքներին:

Ջրհեղեղն առաջացել է գյուղի հարավային հատվածում` ողողելով գյուղամիջյան ճանապարհները,ցանքերը, տնամերձ հողամասերը, տնտեսությունների անասնագոմերը, նկուղները, հացատները, վնասելով խմելու և ոռոգման ջրատարները: Գրանցվել է նաև ընտանի կենդանիների անկման և անասնագոմերի պատերի կամ առաստաղների փլուզման դեպքեր: Գյուղամերձ ցանքերում կուտակված կարկտի շերտը կազմել է մոտ 30 սանտիմետր, որի հալոցքը ևս նպաստել է հեղեղի առաջացմանը:

«Հորդառատ կարկուտն ու անձրևը տևեցին մոտ քառասուն րոպե, որից հետո մոտ մեկ ժամ տևողությամբ, մոտ մեկ մետր բարձրությամբ հեղեղը ավերածություններ էր գործում գյուղի երեք թաղամասերով մեկ: Որևէ կերպ կանգնեցնել հեղեղի թափն անհնար էր: ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները պոմպերի միջոցով դուրս են մղում բնակարանների նկուղներում կուտակված մեծածավալ ջրերը, մարդիկ դույլերով դուրս են մղում անասնագոմերում կուտակված ջուրն ու տիղմը: Գյուղը ժամերով մնացել է հոսանքազրկված, ճանապարհները դարձել են անանցանելի»,-«Արմենպրես»- ի հետ զրույցում նշեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը:

Ճանապարհների հատվածներում և տնամերձ հողամասերի կարտոֆիլի ցանքերում հեղեղն առատ տիղմ ու քարեր էր կուտակել, իսկ առանձին տեղերում էլ խոր խանդակներ առաջացրել:Մարդիկ մեկ ժամ տևած աղետից հետո ներկայացնում էին բնության անսանձ տարերքի պատճառած վախի տպավորությունները:

«Ես մեր նկուղային հարկում էի, հացի սեղանի մոտ, որտեղ հաց ենք ուտում ընտանիքով: Հանկարծ հեղեղը թափով լցվեց ներս, ինձ քշեց իմ նստած տեղից:Աղջիկս իրեն դրսից նետեց ներս, ինձ մի կերպ դուրս բերեց փորձանքից»,-պատմեց ութսունութամյա Գեղեցիկ Աղաջանյանը: «Հեղեղը լցվեց բակ, դեմը չկարողացանք փակել, ապա միանգամից մտավ անասնագոմ, որի տանիքը գետնին հավասար է: Առաստաղը ջրի ծանրությունից փլվեց, հորթին մի կերպ կենդանի դուրս հանեցինք փլվածքի տակից»-պատմեց Բավական Առաքելյանը: Փլվել էր նաև Հասմիկ Խուրշուդյանի գոմի պատը և առաստաղը:

«Վնասների չափերը կճշտվի համապատասխան հանձնաժողովների կողմից, բայց նախնական տվյալներն արդեն տալիս են աղետի հասցրած վնասների մոտավոր պատկերը: Վերականգնման են ենթակա խմելու և ոռոգման ջրատարները, ճանապարհները, փլված շինությունները, փոխհատուցման ենթակա` վնասված ցանքատարածությունները, ինչը վեր է տեղական բյուջեի հնարավորություններից: Տուժածների մեջ կան նաև պայմանագրային և ժամկետային զինծառայողների ընտանիքներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:Վնասների հնարավոր չափերը ճշտվում են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում