Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի է ունեցել Անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությունը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում հունիսի 15-ին, տեղի է ունեցել Անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացվող CARMAC ծրագրի շրջանակներում:

«Անասնաբուժությունը մեր երկրի գյուղատնտեսության կարեւոր ճյուղերից է, որը վերջին տարիներին զարգացում է ապրում նաեւ Տավուշի մարզում: Ոլորտի զարգացմանն էապես նպաստել է նաեւ մարզում իրականացվող CARMAC ծրագիրը, որի երկու փուլերի ընթացքում մարզից ընդգրկվել է 25 համայնք: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել հեռագնա արոտների ջրարբիացման ուղղությամբ, ստեղծվել են 25 կոոպերատիվներ, որոնք վերազինվել են նոր գյուղտեխնիկայով, այդ թվում` շուրջ 21 անիվավոր տրակտորներով», - իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Սերգո Կարապետյանը նաեւ նշել է, որ CARMAC 2 ծրագրում, որի երկրորդ փուլը շարունակվելու է մինչեւ 2019 թվականը, նախատեսվել է ընդգրկել 100 համայնք, սակայն ինչպես եւ առաջին ծրագրի դեպքում ակնկալվում է նախատեսվածից ավելի շատ շահառուներ ունենալ:

«Արդյունքում` մեր լեռնային արոտավայրերի շուրջ 40 տոկոսը կջրարբիացվի, եւ մեր գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան տարվա մեջ 6-7 ամիս իրենց կենդանիներին ամառային արոտավայրերում պահելու, ինչը մեծ նշանակություն ունի կերի բազայի ստեղծման համար: Բացի այդ, տրամադրված գյուղտեխնիկայի շնորհիվ նաեւ մսուրային շրջանում հնարավորություն կլինի կենդանիներին անասնակերով ապահովելու», - ընդգծել է նախարարը:

CARMAC ծրագրով անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ են հիմվել նաեւ Արագածոտնի Արտաշավան, Սյունիքի Խնձորեսկ եւ Գեղարքունիքի Ճամբարակ համայնքներում: Եվս մեկ կենտրոն այս տարի կհիմնվի Շիրակի մարզի Փանիկ համայնքում, շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

CARMAC 2 ծրագրով, որը մեկնարկել է 2016 թվականից, նախատեսվում է հիմնել եւս չորս նմանատիպ կենտրոն: Ծրագրի շրջանակում կենտրոններն ապահովվում են անասնաբուժության եւ արհեստական սերմնավորման սարքավորումներով, անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով:

Կենտրոնները նախատեսված են խթանելու անասնաբույժների եւ ֆերմերների համագործակցությունը, բարելավելու անասնաբուժական եւ արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ ապահովելու ֆերմերային տնտեսություններին որակյալ անասնաբուժական դեղորայքով եւ պարագաներով:

Ընդհանուր առմամբ, ներկա պահին տարբեր միջազգային ծրագրերով հանրապետությունում կառուցվել է 15 սպասարկման կենտրոն:

Այնուհետեւ նախարարն այցելել է Տավուշ համայնք, որտեղ հանդիպում է ունեցել տեղի կոոպերատիվի անդամների հետ: Կոոպերատիվում ընդգրկված են 67 ֆերմերային տնտեսություններ: Նախագահ Արթուր Գյուրջինյանը տեղեկացրել է, որ կոոպերատիվի գործունեությունը 2015 թվականին նախապատրաստական փուլում էր, իսկ ընթացիկ տարում այն արդեն սկսել է գործել: Գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է համապատասխան գյուղտեխնիկա:

Անդրադառնալով կոոպերատիվների շարժման կարեւորությանը` նախարարը շեշտել է, որ համատեղ աշխատանքը թույլ կտա թեթեւացնել գյուղացիների հոգսերը եւ մեծ արդյունավետություն կապահովի, իսկ պետության կողմից կոոպերատիվներին կտրամադրվի համապատասխան օժանդակություն: Մասնավորապես, կոոպերատիվներին ընդամենը 20 տոկոս համաֆինանսավորմամբ CARMAC 2 ծրագրի միջոցներով կտրամադրվի անհրաժեշտ գյուղտեխնիկա: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ այս աջակցությունը զգալիորեն կնպաստի երկրում անասնաբուծության ոլորտի զարգացմանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում