ՀԾԿՀ-ն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել ընդամենը 2,5 դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 15-ի իր նիստում կքննարկի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը:

ՀԾԿՀ-ն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 48.78 դրամից դարձնել 46.20, գիշերային սակագինը՝ 38.78 դրամից՝ 36.20 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

«Հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ»,- ասվում է ՀԾԿՀ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 7 դրամով: ՀԾԿՀ-ն որոշումը պատճառաբանեց առաջացած ֆինանսական ճեղքվածքով, կուտակված պարտքերով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում