Հունիսի 11-ից Երեւանում 6-րդ գյուղատնտեսական շուկան կբացվի
Երեւանի Կասյան փողոցի հարակից տարածքում հունիսի 11-ից կբացվի 6-րդ գյուղատնտեսական շուկան: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«2011 թ. կազմակերպում են գյուղմթերքի տոնավաճառներ, ցանկանում ենք գյուղացիներին հնարավորություն տալ, որ առանց միջնորդների իրենց արտադրանքը ներակայացնեն Երեւանի շուկաներում: Սա հարթակ է, որ գյուղատնտեսական տնտեսություններն ու քաղաքացիները հանդիպեին»,- ասաց Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ հունիսին գյուղատնտեսական շուկա կբացվի նաեւ Կենտրոն վարչական շրջանում, եթե պահանջարկ լինի, այլ վարչական շրջաններում՝ նույնպես:
Նախարարի տեղակալը նշեց, որ այս տարի նույնպես գյուղացիական տնտեսությունների համար տաղավարներն ու կշռեքները կլինեն անվճար: Գյուղատնտեսական շուկայում գները մանրածախ շուկաներից տարբերվում են 10-20 տոկոսով:
«Գները չեն կարող շատ էժան լինել: Գյուղացիներն էլ հասկանում են, որ էժան վճառեն, բայց ինքնարժեքից ցածր գնով ոչ ոք չի ցանկանում վաճառել: Գյուղացին թարմ գյուղմթերք է վաճառում, քաղաքի ազգաբնակչությունն էլ թարմ գյուղմթերքի գնման հնարավորություն է ստանում»,- ասաց Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ օրական 40-50 տոննա գյուղմթերք է վաճառվում: Նա նշեց, որ կշեռքներն իրենք են տրամադրում, դրանք ստուգաչափվում են:
Սովորաբար Կասյան փողոցի շուկայում 63 տոնավաճառ է գործում, Կենտրոն վարչական շրջանի շուկայում՝ 51 տոնավաճառ, մասնակցում է 15 հազար տնտեսություն:
