Գողթի գյուղապետն էլ չկարողացավ համոզել գյուղացիներին. նրանք չեն պատրաստվում բացել ճանապարհը
Կոտայքի մարզի Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանն այսօր՝ հունիսի 3-ին, հանդիպել է առավոտից Երեւան-Գողթ ճանապարհը փակած գողթեցիներին եւ կոչ արել բացել ճանապարհը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Գողթի գյուղապետն առաջարկել է գյուղացիներին բացել ճանապարհը մինչեւ հունիսի 6-ին Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրի նախագծողները գան գյուղ եւ հանդիպման ընթացքում համաձայնության գան գյուղացիների հետ: Գողթեցիները, սակայն, չեն պատրաստվում բացել ճանապարհը մինչեւ համապատասխան պաշտոնյաները չգնան գյուղ եւ չեղյալ չհայտարարեն Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը:
Ավել վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր:
Գյուղացիներն ասում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:
Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաև գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչև քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։ Այսօր գյուղացիները փաստում են, որ շինաշխատանքները դադարեցնելու փոխարեն, բանվորները սկսել են նաև գիշերներն ինտենսիվ աշխատել։
