Գառնեցիներն իշխանության դեմ չեն ընդդիմացել, այլ այդ ծրագրի. Կարապետ Գուլոյան
Գառնեցիներն իշխանության դեմ չեն ընդդիմացել, այլ այդ ծրագրի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը` անդրադառնալով Գառնի գյուղի բնակիչների` Ազատ Ազատ գետից ջրի տեղափոխման կառավարության ծրագրի դեմ ծավալած պայքարում արձանագրած հաղթանակին, որ չեղյալ հայտարարվեց ծրագիրը:
«Կառավարության ղեկավարը եկավ իր դիրքորոշումը հայտնեց եւ ծրագիրը կասեցվեց»,-ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ գյուղացիների ծայրահեղ քայլին դիմելը, մարզպետը չէր փորձել խնդրին լուծում տալ, որ բանը չհասներ վարչապետին, Գուլոյանը պատասխանեց. «Այդ ծրագիրը ոչ մի կապ չունի մարզպետարանի հետ»: Նա վստահեցրեց, որ ինքն այդ ընթացքում փորձել է հարցը ներկայացնել կառավարությանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից բնակիչների կողմից դժգոհություն կա, նա ասել է. «Դժգոհ էին, թող չընտրեին»: Գուլոյանի խոսքով, Հրազդան քաղաքի վիճակն իրեն չի գոհացնում եւ բազմիցս զրուցել է Արամ Դանիելյանի հետ ու հրահանգել շտկել այն: Գուլոյանը կարծիք է հայտնել, որ քաղաքապետը չէր կարող համայնքի եղած բյուջեով լուծել համայնքի խնդիրները:
Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում էին Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: