Գառնիի ոգին և դասերը
Հանգստյան օրերին Հայաստանում արձանագրվեց հերթական քաղաքացիական հաջողությունը՝ հասարակություն-համակարգ դիմակայության շրջանակում: Խոսքը գառնեցիների պայքարի մասին է, որն այս փուլում կարծես թե ավարտվեց հաջողությամբ, և Գառնի ժամանած Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե կանգնեցնում՝ դադարեցնում են Ազատ գետի ջրերը Արարատյան դաշտի ոռոգման նպատակով այնտեղ ուղղելու ծրագիրը: Ընդ որում՝ գառնեցիները, որ մի քանի շաբաթ պայքարում էին դրա դեմ, հայտարարում էին, որ այդ ծրագիրն իրականացվում է Աբրահամյանին և նրա հարազատներին պատկանող հողատարածաքների ոռոգումն իրականացնելու համար: Իսկ, ինչպես հայտնի է, Արարատյան դաշտի խորքային ջրերը քամվել են ձկնաբուծարանների համար, որ կրկին պատկանում են խոշոր պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին, բարեկամներին, խնամիներին:
Այդպիսով, գառնեցիները հաղթեցին, բայց պետք է ենթադրել, որ միայն առաջին խաղակեսը: Անկասկած է, որ Արարատյան դաշտի հողատերերը պետք է լուծեն իրենց տարածքների ոռոգման հարցը, հո չե՞ն թողնի չորանալ: Հետևաբար, այս ընթացքում կառավարությունը կա՛մ պետք է փնտրի այլ աղբյուր, կամ էլ փնտրի Գառնիի ծրագիրն իրականացնելու այլ ճանապարհ, գուցե նաև ահաբեկելով կամ կաշառելով գառնեցիներին և կոտրելով դիմադրության թափը: Որ տարբերակը կհաջողվի կառավարությանը, ո՛րը կնախընտրեն՝ դժվար է ասել: Դա կառավարության խնդիրն է: Գառնեցիների խնդիրը ծրագրի վերսկսում թույլ չտալն է:
Կա նաև հասարակության խնդիր՝ տեղային կամ լոկալ պայքարի դիտարկումը որպես հանրային առավել մեծ խնդիրների լուծման հերթական ռեսուրս:
Ինչո՞ւ են Հայաստանում նմանօրինակ լոկալ պայքարները հասնում հաջողության, իսկ առավել մեծ խնդիրներ դնելու հարցում արդյունավետությունը խիստ ցածր է: Սա մի հարց է, որի պատասխանն այդպես էլ շատ քիչ է ստացվում հանգամանալից մակարդակով: Տարածված բացատրություններից է այն է, որ հասարակությունը ակտիվ է սոցիալական բողոքների հարցում, իսկ ահա քաղաքական բովանդակությամբ կամ դրան մոտեցող բողոքների պարագայում նա կանգնում է հետ, մնում է պասիվ:
Արդյոք դա խնդրի, իրավիճակի մակերեսային գնահատական չէ՞: Եվ եթե առերևույթ դա իսկապես այդպես է, արդյոք հանրությունն այդպիսով, կամա թե ակամա, չի՞ հայտնում իր ուղիղ անվստահությունն իշխանությանը, և միջնորդավորված, անուղղաի անվստահություն քաղաքական ուժերին: Այսինքն՝ հասարակությունը դնում է իրեն անմիջական հուզող, իր մաշկին ամենամոտ խնդիրներն ու հետևողական, սկզբունքային, անզիջում պայքարում դրա համար, իսկ երբ խոսքն արդեն իր մաշկից հեռու խնդիրների մասին է, հասարակությունը չունի պայքարի ուղիղ մոտիվացիա, իսկ քաղաքական ուժերին էլ չի վստահում՝ նրանց աջակցելու համար: Եվ արդյոք Գառնին այս տեսանկյունից հերթական անգամ չդրսևորե՞ց այս բացը, որ առկա է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, և որը իշխանությանը հնարավորություն է տալիս, այսպես ասած, նվազագույն զիջողությունների գնով պահպանել առավելագույն ամրություն իր դիրքերի համար:
Այսինքն՝ մի կողմից լինելով հերթական հաջողությունը, մյուս կողմից՝ Գառնին հերթական անգամ ընդգծեց այդ հաջողությունները զարգացնելու հասարակական-քաղաքական ամլության խնդիրը:
Այդ տեսանկյունից, իշխանությունը հանրային տրամադրությունների ավելի հմուտ կառավարիչ է, քան Հայաստանի քաղաքական ընդդիմությունը: Դրա հետևանքով հանրության մարտավարական հաղթանակները ակամա նպաստում են իշխանության ռազմավարության հաջողությանը:
