«Բնապահպանական ծրագիր իրականացնելու համար հազարավոր դոլարներ ունենալը պարտադիր պայման չէ». Գալուստ Նանյան

Դեռևս անցյալ տարի ագրոէկոլոգ-փորձագետ Գալուստ Նանյանը իր միջոցներով «Որդան կարմիր» պետական արգելավայրի հարակից համյանքների` Ջրառատի, Արազափի, Եղեգնուտի, Երասխահունի և Արգավանդի դպրոցներում սկսեց իրականացնել որդանի պահպանությանն ուղղված էկոդասընթացները, որին մասնակցել են վերոհիշյալ համայնքերի ավելի քան 160 աշակերտներ:

Համայնքերում այժմ մեկնարկել է համանուն դասընթացների երկրորդ փուլը, որից հետո արդեն կընտրվեն ակտիվ աշակերտները հետագա՝ փուլերին նույնպես մասնակցություն ունենալու համար:

Econews.am-ը զրուցել է ծրագրի ղեկավար, լրագրող, ագրոէկոլոգ փորձագետ Գալուստ Նանյանի հետ։

«Լինելով ՀՀ Բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ՝ ես հանդես եկա երկու արգելավայրերի մասին զեկուցումներով, որոնցից մեկը հենց որդան կարմիրի խնդիրների, էկոլոգիական վիճակի մասին էր։ Իրականում այդ տարածքը գոյություն ունի, բայց չի ծառայում որպես արգելավայր։ Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, բազմաթիվ այլ կառույցների նման, մարդրիկ թալանեցին գոյություն ունեցող արգելավայրի ցանկապատը եւ արդեն մոտ 20-25 տարի տարածքը հարակից համայնքների բնակիչներն օգտագործում են որպես արոտավայր։

Տեղեկատվության տարածման և պրոպագանդման համար ես հարց էի բարձրացրել, որ գոնե արգելավայրի հարակից հինգ համայնքների դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար դասընթացներ անցկացվեն։ Ընտրվեցին Ջրառատի, Արազափի, Արգավանդի, Եղեգնուտի և Երասխահունի հանրակրթական դպրոցները:

Սկզբում այդ դպրոցների երեխաներից շատերը, ապրելով արգելավայրի հարակից վայրերում, նույնիսկ չէին տեսել որդանը։ Հիմա ես զգում եմ, որ նրանց մեջ արդեն կամաց-կամաց ձևավորվում է իրենց շրջապատող միջավայրը պահպանելու, մաքուր պահելու մշակույթը։ Արդեն սոցկայքի իմ էջում ակտիվ կերպով մասնակցում են ինչ-որ հարցի շուրջ ծավալվող քննարկմանը, լուծումներ առաջակում», - նշում է պարոն Նանյանը։

Վերը նշված գյուղերից չորսում ծրագիրը 2 փուլով արդեն իրակացվել է, վերջին գյուղում՝ Ջրառատում, դասընթացը կլինի վաղը, իսկ արդեն մայիսի 20-ին յուրաքանչյուր դպրոցից ընտրված 5-6 ակտիվ բարձր դասարանի աշակերտներ՝ մոտ 40 հոգի, կգան Երևան, կայցելեն Բնության, Երկրաբանության պետական թանգարաններ, ինչպես նաև Կենդանաբանության թանգարան, կհանդիպեն համապատասխան մասնագետներին, ովքեր զբաղվում են հենց պահպանվող տարածքներով, ինչպես նաև՝ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի աշխատողայն մասնագետներին, ովքեր տասնամյակներով զբաղվում են որդան կարմրի ուսումնասիրությամբ։

«Ստացած դրամաշնորհն, իհարկե, բավարար չէր ծրագրի բոլոր ֆինանսական ծախսերը փակելու համար, բայց ես չցանկացա երեխաներին հիասթափեցնել։ Կարծում եմ՝ կյանքում գոնե մեկ անգամ այդ թանգարաններն այցելեը կարևոր է, հատկապես, արգելավայրի հարակից գյուղերում ապրող երեխաների համար։

Երևան այցի ժամանակ երեխաները կներկայացնեն նաև իրենց ձեռքով պատրաստված թեմատիկ պոստերները, և նախատեսում ենք նրաց փոքրիկ սիմվոլիկ նվերներ հանձնել»։

Պարոն Նանյանի խոսքով՝ այս ծրագրով ինքը փորձել է հասկացնել մի քանի կառավարական, միջազգային, տեղական կազմակերպությունների, որ դասըթաց կազմակերպելն ու փոքր ծրագիր իրականացնելու համար հազարավոր դոլարներ ունենալը պարտադիր պայման չէ (ծրագին իրակացնելու համար պակասող միջոցները պարոն Նանյանն իր սեփական միջոցներով է լրացրել), ուղղակի սեր է պետք, և արդյունքն անպայման տեսանելի կլինի։

Հավելենք, որ «Որդան կարմրի ուժը» բնապահպանական կրթության փոքր ծրագրերի մրցույթի 10 հաղթողներից մեկն է, որն իրականացվել է Նորվեգիայի դեսպանության փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ և ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը:

Մրցույթը կազմակերպվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից:

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում