Գյուրզա. ՀՀ Կենդանական աշխարհը

Գյուրզա (լատ.՝ Macrovipera lebetina), նաև՝ դագաղային իժ, իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի խոշոր իժերի (Macrovipera) ցեղի օձ։

Մարմինը հաստ է, երկարությունը՝ 22-180 սմ, պոչը՝ 8-10 անգամ կարճ։ Արուները խոշոր են էգերից։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր կատարավոր թեփուկներով։ Մարմնի թեփուկները նույնպես կատարավոր են, անփայլ։ Աչքերը խոշոր են՝ սպիտակավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Աչքից դեպի հետ և դեպի ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի վերևի մակերեսը առանց նախշի է կամ մի քանի մանր սև կետիկներով։ Պարանոցից դեպի պոչի առջևի մասը ձգվում է մուգ գորշ, շեկ, մուգ մոխրագույն կամ գրեթե շագանակագույն լայնակի ձգված խոշոր խալերից բաղկացած շղթայաձև նախշ։ Մուգ խալերի մեկական կամ զույգ շարքեր են ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով։ Որովայնային մակերեսը սպիտակավուն է, դեղնավուն կամ վարդագույն՝ բազմաթիվ մուգ կետիկներով ու բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները սպիտակ են։

Սնվում է հոդվածոտանիներով (մորեխներ, սարդակերպներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, օձեր, մանր կրիաներ, թռչուններ, մանր ու միջին չափի կրծողներ)։

Ձմեռում է աշնան վերջից գարնան սկիզբը։ Զուգավորումը տեղի է ունենում ապրիլի վերջից հունիսի վերջը։ Հունիսի երկրորդ կեսից օգոստոսի սկիզբը էգը դնում է 8-25 ձու։ Ձվերը երկարավուն են (17-24x30-44, 5 մմ)։ Ձագերը ծնվում են սեպտեմբերին։

Օգտակար է. կարգավորում է վնասատու կրծողների թվաքանակը։ Թույնը կիրառվում է դեղագործության մեջ։

Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում։ Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։ Հայաստանում ամենավտանգավոր օձն է. կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում