Անտառային կատու. ՀՀ Կենդանական աշխարհը
Անտառային կատու (լատ.՝ Felis silvestris լատ.՝ fēles (fēlis)-ից), եվրոպական կամ վայրի կատու, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 63-75 սմ է, պոչինը՝ 30-34 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 6 կգ։ Շիկամոխրագույն է՝ դեղնավուն երանգով, որովայնի վրա երբեմն լինում են միահավասար դասավորված բծեր։ Գլխի և պարանոցի վերին մասով անցնում են 4 սև շերտեր, որոնցից միջին 2-ը շարունակվում են մեջքի վրայով մինչև պոչի հիմքը։ Պոչի վրա կան 4-6 լայն, սև օղակներ։ Մազածածկը խիտ է և փափուկ։
Սննդառություն
Սնվում է մանր կրծողներով, թռչուններով, քիչ քանակությամբ՝ խոտաբույսերով և մրգերով։ Ունի լավ հոտառություն և լսողություն, թույլ տեսողություն։ Կտղուցը սկսվում է հունվար-մարտին։
Բազմացում և զարգացում
Հղիությունը տևում է 63-68 օր։ Ունենում է 3-5 (երբեմն՝ 7) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3- 4 ամիս (1-1,5 ամսականից սնվում են նաև մսով)։ Մազափոխվում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Ակտիվ է մայրամուտից մինչև կեսգիշեր (հանգստանալուց հետո՝ նաև լուսաբացին)։ Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։
Տարածվածություն
Անտառակատուն հանդիպում է Եվրոպայում, հյուսիսային Ասիայում, Աֆրիկայում։ Որսում է մանր կաթնասուններ, թռչուններ։ Անտառային կատու բնակություն է հաստատում այնտեղ, որտեղ շատ են հողում ապրող նապաստակները, ճագարները, թռչունները։ Բոլոր անտառակատուները վախկոտ են և չեն մոտենում մարդկանց բնակավայրերին։ Ըստ հետազոտությունների, բոլոր այժմյան տնային կատուները առաջացել են անտառակատվի ենթատեսակներից մեկից, մոտ 10.000 տարի առաջ, Մերձավոր Արևելքում։
Տարածվածությունը Հայաստանում
Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու, Տավուշի մարզերում։ Բնակվում է ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, գետնափոր բներում և այլ բնական թաքըստոցներում։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
