Ձիաձետ դաշտային. Դեղաբույսեր

Ձիաձետ դաշտային (ռուս.՝ Хвощ полевой, լատ.՝ Equisetum arvense) (հայկական տարանունները՝ ամպռճուկ, ամվաճ, իշու շաքար, խարտոցախոտ, ձիագի, ձիու ագի, շան ագի), պտերանմանների ձիաձետների ընտանիքի բույսերի տեսակ։

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում է դեղաբույսի ամբողջ վերգետնյա մասը։ Հավաքում են միայն ամառային վեգետատիվ ընձյուղները, ամռան ամիսներին` հնձելով մանգաղով կամ գերանդիով։ Հումքը չորացնում են տանիքում` լավ քամհարվող տեղում։ Չոր վիճակում այն կազմում է ելանյութի 20-25%-ը, ունի թթվային համ և պիտանի է օգտագործման` մոտ 2 տարի։ Դեղաբույսը հնուց ի վեր կիրառվել է որպես նյութափոխանակությունը լավացնող, մաշկի և ներքին օրգանների բորբոքումները բուժող միջոց։ Չոր վիճակում (փոշու ձևով) բուժում է խոցերը, իսկ սպեղանու ձևով` օրխիտը, ջրիկ մզվածքի ձևով` սրտային թուլությունը։ Դեղաբույսի երկարատև օգտագործումը` բժշկապետի նշումով, պայծառացնում է դեմքը և առաջ բերում քաշի ավելացում։ Այն դրականապես է անդրադառնում լուծի, արգանդային արյունահոսության և ներքին օրգանների կծկողական ցավերի վրա։ Դեղաբույսի հյութը` քթի մեջ կաթեցնելիս, կտրում է արյունահոսությունը, արմատն օգտակար է հազի և ասթմայի ժամանակ, իսկ եփուկը` գինով կամ ջրով, դրականապես է անդրադառնում լյարդի ուռուցքների և ջրգողության վրա։ Այն միաժամանակ ճանաչվել է որպես մածող, հեմոստատիկ և ախտահանիչ միջոց:

Մենք դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտների ժամանակ։ Դեղաբույսն օգտագործելու առաջին իսկ օրերից փափկել է հիվանդների հազը, հեշտացել խուխարտադրությունը։ Այս բոլորին զուգընթաց` վերացել են ետկրծոսկրային ցավերը, պակասել ինտոքսիկացիան, իջել է ջերմությունը։ Նկատվել է միզարձակման և քրտնարտադրության ուժեղացում, որոնք էլ մեծ դեր են խաղացել այս հիվանդության բուժման պրոցեսում։

Փորձառական հետազոտությունները ծովախոզուկների վրա ցույց տվեցին, որ դեղաբույսի կիրառումից ուժեղանում և արագանում է միզարձակումը։ Այս հատկությամբ ձիաձետը զգալի չափով գերազանցում է դիուրեթինին և երիկամաթեյին։ Միաժամանակ պարզվել է, որ դեղաբույսն օժտված է հեմոստատիկ և հակաբորբոքիչ հատկություններով, նպաստում է օրգանիզմից կապարի դուրս գալուն, որով էլ այն ցուցված է` կիրառելու կապարային թունավորումների ժամանակ (Զվերևա Ա. Վ.)։

Գիտական բժշկության մեջ ձիաձետը կիրառվում է որպես հակաբորբոքիչ` դիզենտերիայի, ցիստիտների, որպես միզամուղ` տարբեր բնույթի այտուցների, որպես հեմոստատիկ` արգանդային, թոքային, թութքային, որպես քարալուծ` երիկամաքարային հիվանդության ժամանակ և այլն։

Տեղին է նշել այն, որ դեղաբույսի կիրառման շնորհիվ մոտ 2 անգամ մեծանում է օրվա մեզի քանակը` սրտային դեկոմպենսացված վիճակում գտնվող հիվանդների մոտ։ Մեզի դիուրեզը մեծանում է դեղաբույսի օգտագործման առաջին իսկ օրերից և այսպես շարունակվում ամբողջ բուժման ընթացքում։ Դեղաբույսը նշանակումից հանելուց հետո էլ առատ միզարձակումը շարունակվում է ևս 2-3 օր, իսկ նորից նշանակման դեպքում արդյունքը վերականգնվում է։ Ձիաձետի կիրառումը այս բնույթի հիվանդների մոտ ոչ մի անգամ կողմնակի անցանկալի երևույթներ չի տալիս։ Անհրաժեշտ է նշել, որ երբ դեղաբույսը օգտագործվում է կալիում ացետատի, երիկամաթեյի, խաղողի հյութի, սրտային գլիկոզիդների և սրտային այլ դեղամիջոցների հետ, դիուրետիկ ազդեցությունն ավելի է մեծանում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ թարմ բուսահյութը ավելացնում է անայտուց սրտային հիվանդների օրվա դիուրեզը միայն 40%-ով, իսկ այտուցների առկայության պայմաններում արդյունքը հասնում է 100%-ի. նման արդյունք նկատվել է նաև քրոնիկական երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների մոտ, մինչդեռ սուր նեֆրիտների ժամանակ ձիաձետի օգտագործումը ինչ-որ չափով հակացուցված է։ Դեղաբույսի մեջ պարունակվող սիլիկաթթուն, պարզվել է, որ բարձրացնում է լեյկոցիտների քանակը, իսկ թարմ բուսահյութը` արյան մակարդելիությունը և թոքահյուսվածքի ռեգեներացիան, որը դրականապես է անդրադառնում պալարախտով ախտահարման ժամանակ։ ։ Դեղաբույսը 1961 թվականին մտել է պետական ֆարմակոպեայի մեջ։ Այն կազմում է Տրասկովի հակաասթմատիկ և Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրաների բաղադրիչ մասը:

Դեղաբույսի եփուկը և ջրիկ մզվածքը օգտագործվում են որպես միզամուղ` սրտային, լյարդային և երիկամային բնույթի ջրգողությունների, պիելոցիստիտների, մեծ չափերի հասնող էքսուդատիվ պլևրիտների, սիլիցիումային նյութափոխանակության խանգարումների ժամանակ և այլն։

Ձիաձետի և շիբի խառնուրդը բրդյա գործվածքները ներկում է մոխրադեղնավուն: Մատղաշ, սպորակիր ընձյուղները որոշ տեղերում օգտագործում են սննդի մեջ` հում կամ եփած։ Չոր խոտի մեջ թունավոր է հատկապես ձիերի և կովերի համար, մինչդեռ թարմ վիճակում միանգամայն անվնաս է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում