Դեղատնային երիցուկ. Դեղաբույսեր

Դեղատնային երիցուկ (լատ.՝ Matricária chamomílla), պատկանում բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Բուրումնավետ, միամյա բույս է։ Երիցուկի ամենատարածված տեսակն է։ Հայկական տարանուններն են՝ օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։ Բույսն ունի մի քանի տեսակներ և նմանակներ։

Գերմանացիները բույսն անվանում են Matricaria recutita։ Հին գերմաներենում բույսը կոչվել է camomila, armanmila, ramumilum։ Երիցուկի բոլոր տեսակների ծաղկակալն արտահայտված կոնաձև է, սնամեջ։ Երիցուկ դեղատնայինի լեզվակավոր տերևները հաճախ թեքված են ցողունի ուղղությամբ։ Հայտնի է Pyrethrum roseum տեսակը, որի հայրենիքը Հայաստանն է։ Բույսի բարձրությունը հասնում է մինչև 70 սմ-ի, տերևները մանր են, փետրաձև, կտրտված, իսկ ծաղկափթթությունները խոշոր են՝ մինչև 7-8 սմ տրամագծով, հասարակ են, կիսալիաթերթ կամ լիաթերթ, սպիտակ, վարդագույն, մուգ կարմիր։ Լուսասեր է, ձմեռադիմացկուն։ Առաջին տարում առաջացնում է տերևային վարդակ, երկրորդ տարվա հունիս-հուլիսից սկսում է ծաղկել։

Դեղատնային երիցուկը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի պատրաստուկներն ունեն հանգստացնող, հականեխիչ, հակաբորբոքային, վարակազերծ հատկություն։ Բույսի եթերային յուղը լավացնում է շնչառությունը, լայնացնում գլխուղեղի անոթները։ Բույսի պատրաստուկներն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ընդգրկվում են դեղաբուսային փնջերի մեջ։ Սուր և քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, կոլիտի դեպքում կիրառվում է երիցուկի, վաղենակի, հազարատերևուկի խառնուրդը։

Դեղատնային երիցուկը կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ։ Մշակվում է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, նաև Բելգիայում և Իսպանիայում։ Բույսի տարբեր տեսակներից ստանում են եթերային յուղեր։ Լավագույնը Matricaria recutita տեսակի կապույտ գույնի լեզվակավոր ծաղկաթերթեր ունեցող երիցուկն է։ Այս ծաղիկների գույնը բնորոշվում է համազուլինի բարձր պարունակությամբ։ Չորանալու ընթացքում ծաղիկների կապույտ գույնը դառնում է կանաչ, իսկ հետո՝ գորշագույն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում