Անանուխ. Դեղաբույսեր
Անանուխը շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազամյա խոտաբույս է։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։ Հայկական տարանունները-անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
Մխիթար Հերացին բույսը օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։
2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անց կացնել փորացավը։
Անանուխը նաև օգտագործվում է սննունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։