Ազնվամորի. Դեղաբույսեր

Մոռ ( լատ.՝ Rubus idaeus L) վարդածաղկավորների (վարդազգիների) ընտանիքին պատկանող, 1-1.5 մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է։

Հայտնի է մոռենու ավելի քան 120 տեսակ՝ տարածված հիմնականում Ասիայի, Ամերիկայի, Եվրոպայի բարեխառն և մերձարևադարձային գոտում։ Մշակվում է ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Եվրոպայում։ ԱՊՀ-ում տարածված է ավելի քան 70 տեսակ։ Մոռենու մշակման տնկարկների մեծ մասը գտնվում են Ուրալում, Արևմտյան և Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ ՀՀ-ում վայրի մոռենու պտուղներն ունեն համային լավ հատկություններ, դուրեկան բուրմունք։ Մշակովի տեսակներից ՀՀ-ում լեռնային և նախալեռնային գոտում շրջանացված են Գոլիաֆ և Նովո-Կիտաևսկայա տեսակները։

Հանդիպում է ՀՀ-ում. մոռենին վայրի վիճակում տարածված է Գուգարքի, Ստեփանավանի, Դիլիջանի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի և այլ շրջանների անտառներում։ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է թփուտներում, անտառներում, բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն՝ տերևներն ու ծաղիկները։ Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին։ Դեռևս հին հույները մոռը օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հայրենական ժողովրդական բժշկության մեջ մոռուց եփված ռուփն ու թուրմը լայնորեն օգտագործվում է հարբուխի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբվածությունից սթափեցնելու նպատակով։ Ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքում թրջոցների ձևով:

Տիբեթյան բժշկության մեջ մոռի պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում։ Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց։ Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն։ Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները։ Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին։

Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում։ Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ։ Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում:

Օգտագործում են թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, ջեմ)։ Դեղաբույս է. պտուղներն օգտագործում են որպես քրտնաբեր, ախորժաբեր միջոց՝ նյութափոխանակության խանգարման, ստամոքսաղիքային հիվանդությունների ժամանակ, տերևները՝ որպես հակաբորբոքային միջոց՝ շնչուղիների բորբոքման, կապող՝ ստամոքսաբորբի, բարակ աղիքների բորբոքման ժամանակ և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում