Ապօրինի անտառահատումներից շահույթները բաշխվել են պաշտոնյաների միջև

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2010-ի մարտից մինչև 2013-ի մայիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում` իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում Դսեղի անտառտնտեսության տնօրեն Վահե Ք.-ից, անտառապետեր Գարիկ Պ.-ից, Սամվել Վ.-ից և Թովմա Մ.-ից տեղեկություններ է ստացել, որ յուրաքանչյուր տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Դսեղի անտառտնտեսությանը տվել է 5000մ3 փայտանյութի հատման թույլտվություն սանիտարական և անցումային հատումների համար, սակայն անտառապետերի կողմից հատվել և վաճառվել է ավելի շատ քանակությամբ փայտանյութ:

Ապօրինի ծառահատումներից հետո փայտանյութը տեղափոխող յուրաքանչյուր ավտոմեքենայի վարորդ ապօրինի գումարներ է վճարել անտառապետերին:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության այն բաժինների պետերին, որոնց վարչական տարածքով անցել են փայտ տեղափոխող մեքենաները, անտառապետերը վերը հիշատակված գումարներից մասնաբաժին են տվել:

Կալանավոր Տիգրան Մ.-ն նշել է նաև, որ մնացած գումարները բաժանվել են անտառապետերի և անտառտնտեսության տնօրենի միջև, իսկ ոստիկանության բաժինների պետերն իրենց բաժին հասած գումարներից մասնաբաժին են տվել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և մարզի դատախազին:
Կատարվում է նախաքննություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում