ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հանդես է եկել Սևանա լճի մասին օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ հայտարարությամբ: ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պարզաբանումը հետևյալն է.
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը, մինչեւ Ազգային ժողովի կողմից ընդունվելը, քննարկման է ներկայացվել օրենքով սահմանված ընթացակարգերի համապատասխան:
Նախագիծը քննարկվել է թե ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում, թե ՀՀ նախագահին կից Սեւանի հարցերով հանձնաժողովում: Մինչ ԱԺ լիագումար նիստում ներկայացվելը այն քննարկվել է նաեւ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում, որի նիստին հրավիրված են եղել նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուստի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ նշված այն մտահոգությունը, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն չի ընձեռվել դիրքորոշում հայտնել, տեղին չէ: Այլ խնդիր է, որ վերոնշյալ նիստի ժամանակ պետական մարմինների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների տեսակետները տարբեր են եղել:
ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե