Պոլիէթիլենային տոպրակները վտանգավոր են, սակայն հարմար են օգտագործման համար
«Կենցաղում, բնականաբար, օգտագործում եմ պոլիէթիլենային տոպրակներ` չնայած այն հանգամանքին, որ դրանց քիմիական բաղադրությունը հակասում է առողջ կենցաղավարությանը: Դրանք շատ տարածված են և գործածելի»,-«Econews»-ին ասաց քաղաքացի Հայկ Հարությունյանը` նշելով, որ ցանկալի կլիներ պոլիէթիլենայինի փոխարեն օգտագործել թղթե տոպրակներ, որոնք լայնորեն կիրառվում են զարգացած երկրներում` սննդի և կենցաղային նպատակներով. «Իսկ այստեղ պոլիէթիլենային տոպրակներն օգատագործում են, ասենք, աղբը թափելու համար»,-հավելեց Հայկը: Իսկ տնային տնտեսուհի Կարինե Վարդանյանն «Econews»-ի հետ զրույցում ասաց, որ պոլիէթիլենային տոպրակներ օգտագործում է հիմնականում աղբը թափելու, բանջարաղեն սառեցնելու, բայց ոչ` սնունդ փաթեթավորելու համար:
Էկոլոգ Հմայակ Առաքելյանը նշում է, որ պոլիէթիլենային, ինչպես եւ պլաստիկ շշերի քայքայումը տևում է տասնյակ տարիներ, իսկ քայքայումից առաջացած նյութերն իրենց ազդեցությունն են ունենում մարդկանց առողջության վրա. «Կուտակվելով աղբանոցներում` քամու եւ թափառող շների ազդեցությամբ հայտնվում են քաղաքի տարբեր մասերում, ավելացնում աղտոտվածությունը: Բացի այդ, պոլիէթիլենային տոպրակները հաճախ ուտում են կենդանիները, թունավորվում եւ սատկում: Երբեմն պոլիէթիլենային աղբից ազատվում են` դրանք այրելով, բայց դրա հետեւանքով ևս տեղի է ունենում վնասակար նյութերի արտանետում դեպի մթնոլորտ»,- հավելեց էկոլոգը:
Աշխարհի որոշ երկրներ զբաղվում են պոլիէթիլենային տոպրակների վերամշակմամբ կամ արգելում են դրանց օգտագործումը: Հ. Առաքելյանը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի որոշ նահանգներւմ քաղաքացիները պարտավորվում են վճարել կա ՛մ օգտագործած յուրաքանչյուր պոլիէթիլենային տոպրակի դիմաց 6 ցենտ, կա ՛մ էլ օգտագործել այն մի քանի անգամ: Իսկ Չինաստանում ընդհանրապես արգելվել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, փոխարենը մարդկանց տալիս են կտորից կարված, բազմիցս օգտագործման հնարավորությամբ տոպրակներ. «Հայաստանում, ցավոք, նման մշակույթը դեռեւս չկա: Մենք չունենք նույնիսկ աղբի տեսակավորման հստակ ծրագրեր»- ասաց Հ. Առաքելյանը: Նա նաեւ նշեց, որ շատ գործարաններ վերամշակող կոմբինատներ են ստեղծում, բայց դա արդյունավետ է այն դեպքում, երբ վերամշակող կոմբինատը գտնվում է աղբանոցի կողքին, որպեսզի տեղափոխման ծախսերը մեծ չլինեն: Էկոլոգը նշեց, որ չնայած շրջակա միջավայրն աղտոտելուն` պոլիէթիլենային տոպրակները մատչելի են եւ հարմար օգտագործման առումով: Դա է պատճառը, որ մարդիկ դժվարությամբ են հրաժարվում պոլիէթիլենային տոպրակներից:
Հեղինակ` Լուիզա Սուքիասյան
