Թուխմանուկի հանքավայրի մասին ՀԿ-ների պնդումները կեղծ են. ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ

[caption id="attachment_12756" align="alignleft" width="300" caption="Լուսանկարը՝ «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ»-ի արխիվից"][/caption]

Հայաստանի Հանրապետության որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն տեւական ժամանակ է ինչ համացանցում, ինչպես նաեւ տարբեր մարմիններին եւ անձանց առանձին նամակների միջոցով Թուխմանուկի հանքավայրի բնապահպանական եւ միջավայրային խնդիրների վերաբերյալ շարունակում են տարածել կանխամտածված անհիմն, փաստերին եւ իրականությանը չհամապատասխանող պնդումներ։

Դեռեւս Թուխմանուկի հանքավայրի հերթական պոչամբարի կառուցմանը նվիրված  հասարակական լսումների ընթացքում, երբ Ընկերությունը պարզ, հասկանալի եւ թափանցիկ ձեւով ներկայացրել էր խնդրո առարկա՝ Թուխմանուկի հերթական պոչամբարի նախագիծը,  որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (ներառյալ,  մասնավորապես, Սիլվա Ադամյան՝ ներկայացնում է Թռչնասերների Կենտրոն Բնապահպանական ՀԿ-ն, Հակոբ Սանասարյան՝ ներկայացնում է Հայաստանի Կանաչների Միությունը, Արթուր Գրիգորյան՝ ներկայացնում է Էկոլոգիական Իրավունք ՀԿ-ն, եւ ուրիշներ) 2012թ-ի նոյեմբերի 2-ից համացանցում եւ մամուլում սկսել են տարածել Թուխմանուկի պոչամբարի, ինչպես նաեւ Ընկերությանը պատկանող Մեգո Գոլդ ՍՊԸ-ի գործունեության մասին իրականության չհամապատասխանող պնդումներ։

Այդ կանխակալ եւ կեղծ, հաճախ նաեւ քաղաքավարության տեսակետից անվայել, պարզապես վարկաբեկող պնդումները եւ հայտարարություններն արվել են՝ ներառյալ, Մեգո Գոլդի կողմից հանրային լսումների նպատակով ներկայացված փաստաթղթերի առանձին հատվածները ընտրողաբար ներկայացնելու, դրանք դիտավորյալ կեղծաբանելու, Ընկերության գործունեության վերաբերյալ պարզ եւ անհերքելի փաստերին եւ իրականությանն անտեղյակ ձեւանալու միջոցով հրապարակավ դրանք նենգափոխելու, ինչպես նաեւ հանրահայտ իրականությունները ժխտող, սին, սակայն ակնհայտորեն չարամիտ քարոզչություն իրականացնելու միջոցով։

Այսպես, 2012թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում, վերոնշալ համացանցային եւ մամլո հաղորդագրությունների միջոցով նշված անձինք բառացիորեն հայտարարել են, թե իբր (i) Մեգո Գոլդը “պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար”  (իրականում պոչամբարի տարածքը 1.53 հեկտար է՝ ըստ նախագծի),  (ii) Մեգո Գոլդի գործունեության պատճառով իբր “Մելիքգյուղում երեխա չի ծնվում”, կամ՝ թե իբր “ծնելիությունը գրեթե զրոյական է” (իրականում Մելիքգյուղում միայն 2012թ-ին ծնվել է 25 երեխա, իսկ 2013թ-ի սկզբից մինչ այժմ եւս 7 երեխա, մինչդեռ Մելիքգյուղի 2012թ-ի ծնելիության այդ ցուցանիշը 1.7 անգամ գերազանցել է ՀՀ-ում 2012թ-ի միջին ծնելիության ցուցանիշին), (iii) Մեգո Գոլդի գործունեության պատճառով գյուղում իբր “բազմապատկվել են քաղծքեղային հիվանդությունները” (իրականում՝ Մեգո Գոլդի գործունեության ամբողջ ընթացքում՝ 2008թ-ից սկսած գրանցվել է քաղծքեղի ընդամենը երեք դեպք, հիվանդները եղել են 75 տարեկանից բարձր տարիքի, այն է՝ համայնքի ընդհանուր բնակչության մոտ 0.26%-ը, մինչդեռ ՀՀ-ում միջին ցուցանիշը մոտ 1% է , իսկ, օրինակ, նույն Արագածոտնի մարզի մեկ այլ՝ համարյա նույն բնակչություն ունեցող Կաթնաղբյուրի համայնքում, որի մոտակայքում չկա հանքավայր կամ այլ տեսակի արդյունաբերական  ձեռնարկություն, նույն ժամանակահատվածում քաղքեղով հիվանդների թիվը կազմել է 18 մարդ, այն է՝ 6 անգամ ավելին քան Մելիքգյուղում), (iv) իբր “պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել եւ փլուզվել”  (իրականում պոչամբարը երբեք վթարի չի ենթարկվել եւ չի փլուզվել, եւ նման ահազանգ կամ դեպք երբեւէ չի գրանցվել՝ ներառյալ ոչ պաշտոնական որեւէ աղբյուրից), (v) իբր “ոչ ոք չգիտի հանքի ծրագրի մասին”, թե իբր “հասարակությանն այդ մասին չեն տեղեկացնում”, եւ թե իբր “մի կերպ ենք որոշ տեղեկություններ կորզել” (իրականում հանքավայրի շահագործման նախագիծը՝ ներառյալ բացահանքը, հարստացուցիչ ֆաբրիկան եւ նախկին պոչամբարը կազմվել, ենթարկվել են ուսումնասիրությունների՝ ներառյալ առողջապահության եւ բնապահպանական առումներով, այնուհետեւ ենթարկվել են փորձաքննության՝ ներառյալ հայմանքի հարյուրավոր բնակիչների մասնակցությամբ հասարակական լսումները, դեռեւս 2008թ-ին, եւ այդ նախագծերը՝ բոլոր հարակից փաստաթղթերի հետ միասին մինչեւ այժմ առկա են լիազոր մարմիններում եւ Ընկերության մոտ, եւ հանրորեն մատչելի են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն), (vi) Մեգո Գոլդի գործունեության պատճառով իբր “բազմապատիկ անգամ նվազել է հողի բերքատվությունը”, “գյուղացիները բերք չեն ստանում”, “հողի բերրիությունն ընկել է, դաշտերն ավերվում են, չորանում”,  “համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս”, իբր “գյուղատնտեսական դաշտերի բերքատվությունը կտրուկ ընկել է” (իրականում՝ 2012թ-ի ընթացքում համայնքը չոռոգվող հողերից ստացել է գարու ռեկորդային բերք՝ միջինը 25ց/հա, կարտոֆիլի բերքատվությունը նույնպես միջինից բարձր է՝ 35տ/հա), (vii) Մեգո Գոլդի գործունեության պատճառով “սահմանափակվել են անասնապահության համար անհրաժեշտ արոտավայրերը” (իրականում Մեգո Գոլդն իր գործունեությունն իրականացնում է միայն արտադրական նշանակության հողերում, իսկ Մելիքգյուղի համայնքի գյուղատնտեսական հողերը կազմում են շուրջ 2.337,3 հեկտար, իսկ Մեգո Գոլդի հանքարդյունահանման տարածքը կազմում է ընդամենը 46.7 հա, այսինքն՝ համայնքի ամբողջ գյուղատնտեսական հողերի 2%-ից քիչ տարածք), (viii) իբր “խմելու ջուրն աղտոտված է, որովհետեւ պոչանքները խառնվում են ոռոգման ջրին”, “հողերը ոռոգվում են ոչ պիտանի ջրով”, իբր “խիստ վատթարացել է Մելիքգյուղին մատակարարվող խմելու եւ ոռոգվող ջրի որակը” (իրականում՝ 2006թ-ից սկսած Մեգո Գոլդի հանքարդյունահանման տարածքում եւ դրա շրջակայքում անկախ փորձագիտական կազմակերպության կողմից իրականացվում է մշտադիտարկում՝ 23 տարրերի ներառմամբ, ներառյալ մետաղները, իսկ տվյալները տրամադրվում են համայնքին, մարզպետարանին, պատկան մարմիններին, հասարակական կազմակերպություններին, եւ տեղադրվում են համացանցում. մշտադիտարկման ամբողջ 6 տարիների ընթացքում չի արձանագրվել որեւէ տարրի ներթափանցումը արտաքին միջավայր՝ ներառյալ Մելիքգյուղի խմելու կամ ոռոգման ջուրը), (ix) իբր “արդեն իսկ խախտված եւ ավերված են ջրագոյացման եւ ջրամատակարարման համակարգերը”, եւ թե իբր “հնարավոր չէ, որ ջրագոյացման համակարգերը չխախտվեին կամ չավերվեին, երբ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրը մաս է կազմում հենց ջրագոյացման եւ ջրամատակարարման համակարգերին” (իրականում՝ շրջանի ջրագոյացման համակարգի ամբողջ տարածքը կազմում է 80 – 100 քառ.կմ՝ կամ Ծաղկունյաց համարյա ամբողջ բարձրավանդակը, մինչդեռ Մեգո Գոլդի հանքարդյունահանման տարածքն ընդամենը կազմում է 0.46 քառ.կմ., այն է՝ ջրագոյացման համակարգի 0.46% -ից 0.57%-ը, մինչդեռ նույնիսկ հանքարդյունահանման այդ փոքրիկ տարածքում ջրագոյացման համակարգերը պահպանվում են)։

[caption id="attachment_12757" align="alignleft" width="300" caption="Լուսանկարը՝ «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ»-ի արխիվից"][/caption]

Բացի նշվածներից, եղել են բազմաթիվ այլ՝ ակնհայտորեն կեղծ եւ շինծու պնդումներ, նույն ներկայացուցիչներից կամ նրանց գործընկերներից։ Ընդհանուր առմամբ, իրականության հետ որեւէ աղերս չունեցող  այս եւ այլ պնդումներն անող անձինք ոչ միայն քաջատեղյակ են իրենց պնդումների շինծու եւ դիտավոր բնույթին, այլեւ գիտեցում են, որ Ընկերությունը, կամ Մեգո Գոլդը, չեն խախտել բնապահպանական որեւէ կանոնակարգ, հոգատար եւ պատասխանատու են միջավայրի պահպանության նկատմամբ։

Իրականության հետ որեւէ աղերս չունեցող պնդումներից զատ հասարակական կազմակերպությունների նույն այս ներկայացուցիչները (ներառյալ նրանց գործընկերները) Ընկերության հասցեին հրապարակավ հնչեցրել են պարզապես վիրավորական արտահայտություններ, Ընկերությանը (իմա՝ նաեւ նրա աշխատակիցներին) բառացիորեն կոչելով “անսահմանափակ ախորժակ ունեցող” ,“գող”, “չքավորներին շահագործող” եւ այլ անվայել պիտակներով, համայնքի անդամներին անվանելով “վախկոտներ” եւ “ծախված”, իրենց կեղծ պնդումների հետ չհամաձայնող համայնքի բնակիչներին՝ “դավաճան”, իսկ հասարակական լսումների արդյունքում պոչամբարի նախագծին համայնքի կողմից հավանություն տալը՝  “առեւտուր”։  Վիրավորողները, ենթադրաբար, ուսյալ մարդիկ են, ոմանք նաեւ կրում են գիտական կոչումներ, բոլորն իրենց համարում են հասարակական գործիչներ, իսկ հասարակությանը կամ նրա գործչին, մեր կարծիքով, հատուկ պետք է լինեն քաղաքավարության տարրական նորմերը։ Վիրավորանքներ հնչեցնող հեղինակներից մեկն, օրինակ, այնքան է “տարվել” իր իսկ կողմից նախաձեռնած մեքենայությունների ինքնանպատակ արշավով, որ հրապարակումներից մեկում Ընկերության գործադիր տնօրենին՝ ցեղասպանությունը վերապրած եւ սփյուռքում ապաստան գտած ընտանիքի զավակին, ում անձնական ներդրումը ցեղասպանության միջազգային ճանաչման մեջ անհերքելի եւ անուրանալի է, հրապարակավ մեղադրել է “հայոց ցեղասպանության իրականացման մեջ լումա ունենալու մտադրության” մեջ։

Ակնհայտորեն փորձելով “իրացնել” իրենց կեղծ եւ շինծու պնդումներով պայմանավորված նպատակը, Էկոլոգիական հասարակական դաշինքի անունից՝ Սիլվա Ադամյանը դիմել է ՀՀ Վարչապետին եւ Բնապահպանության Նախարարին՝ պահանջելով “կասեցնել Մեգո Գոլդի բոլոր գործողությունները”՝ դարձյալ մեջբերելով համացանցում եւ մամուլում արված, վերոնշյալ կեղծ պնդումները։

Համարելով, որ իրականությունը նենգափոխելու այս ակնհայտ փորձերը վնասում են նման պնդումներ տարածող անձանց կողմից ներկայացվող հասարակական կազմակերպությունների հեղինակությանը, ինչում՝ ենթադրաբար, առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն այդ նույն պնդումներն անող անձինք, Ընկերությունը 2013թ-ի հունվարի 31-ին հանդես է եկել հանրային հայտարարությամբ՝ ներկայացնելով փաստական հանգամանքներ եւ կոչ արել չպախարակել հասարակական գործչի բարձր կոչումը, տուրք չտալ խավարամտությանը, անսալ անհերքելի փաստերին եւ գիտական հիմնավորումներին, զերծ մնալ Ընկերության աշխատակիցներին եւ համայնքի անդամներին վիրավորելուց՝ առաջարկելով փոխարենը բարի կամոք եւ ողջամտորեն համագործակցել Ընկերության հետ միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքում։

Ընկերության ողջամիտ, եւ իրական հասարակական ցանկացած գործչի համար ընդունելի այս համագործակցությանն անսալու փոխարեն նույն անձինք, առանց նույնիսկ հերքելու կամ վիճարկելու Ընկերության կողմից բերված գիտական եւ փորձագիտական աշխատանքների արդյունքները, փորձել են այդուհետ շարունակել Ընկերության գործունեության վերաբերյալ կեղծիքներ տարածելու իրենց  ինքնանպատակ գործելակերպը՝ ընդամենը փոխելով մեքենայության եղանակները։

            Նախ, փորձել են Ընկերությանը մեղադրել թե իբր վերջինս հասարակությունից եւ համայնքից “թաքցնում է” հանքարդյունահանման ծրագրերը եւ նախագծերը,  եւ անտեղյակ ձեւանալով, փորձել են մեղադրել Ընկերության պաշտոնյաներին եւ մասնագետներին թե իբր նրանք “հրապարակավ հերքում են” Ընկերության պոչամբարներում ծանր մետաղների առկայությունը, իբր չի ներկայացվում թե Ընկերությունն “ինչ մեթոդիկայով է իրականացրել նախագծային աշխատանքները”` պահանջում են ներայացնել “փորձարարական տվյալներ” (իբր դրանք չեն ներկայացվել հանրությանը), միաժամանակ պնդելով թե Ընկերության կողմից ներկայացված տվյալներն իբր հակասում են հանքավայրի վերաբերյալ մի գիտական աշխատության տվյալներին (Շ. Խաչատրյան, “Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատությունները”), նաեւ պնդելով, թե Ընկերությունը, նրա պաշտոնյաները եւ մասնագետներն իբր “հանրությանը դիտավորյալ մոլորության մեջ են գցում՝ թաքցնելով պոչամբարում տեղադրվելնիք թափոնների պարունակությունը եւ դրանց ազդեցությունը համայնքի եւ ամբողջ մարզի բնակչության առողջության վրա”։

Իրականում, սակայն, 2012թ-ի նոյեմբերի 27-ին հասարակական լսումներին է ներկայացվել ընդամենը Թուխմանուկի հերթական պոչամբարի շինարարության նախագիծը՝ պոչամբարի շինարարության բնապահպանության մասի հետ միասին։ Մինչդեռ, Ընկերությունը եւ լիազոր մարմինները կազմակերպել եւ իրականացրել են Թուխմանուկի հանքավայրի շահագործման նախագծի հասարակական լսումներ ազդակիր համայնքում (Մելիքգյուղ) դեռ 2006թ-ի ապրիլի 21-ին։ Այդ լսումները կազմակերպվել են Թուխմանուկի բացահանքի, հարստացուցիչ ֆաբրիկայի եւ նախկին պոչամբարի նախագծերի քննարման ուղղությամբ, ուստի այնժամ քննարկվել են Թուխմանուկի ամբողջական նախագծի բոլոր համապատասխան տարրերը եւ դրանցում բերված տեղեկությունները՝ ներառյալ բնապահպանական ամբողջ վերլուծությունը եւ միջոցառումները, հարյուրավոր էջեր կազմող փաստաթղթերով։

Լսումներին հրավիրվել են ազդակիր համայնքի ղեկավարներ, համայնքի ներկայացուցիչներ, հոգեւորականության ներկայացուցիչներ, շրջանի մտավորականության ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, մասնագետներ,  լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաեւ Թուխմանուկի նախագծի վերաբերյալ հետաքրքրություն ունեցող այլ անձինք եւ կազմակերպություններ (լսումների ընթացքում արված լուսանկարները կցվում են)։

Ամբողջ օրը տեւած լսումների արդյունքում լիազոր մարմնին՝ ՀՀ Բնապապանության նախարարութան համապատասխան ՊՈԱԿ-ին է ներկայացվել ազդակիր համայնքի դրական կարծիքը, որից հետո Թուխմանուկի հանքավայրի նախագիծը ՀՀ օրենքով սահմանված կարգով, մանրակրկիտ, բաց եւ թափանցիկ բոլոր ընթացակարգերով անցել եւ ստացել է Շրջակա Միջավայրի Վրա Ազդեցության Փորձաքննական Եզրակացություն, ինչպես նաեւ, առանձին ստացվել է նաեւ այն ժամանակ պոչամբարի՝ որպես նախագծի առանձին բաղկացուցիչ մասի փորձաքննական եզրակացությունը։

Վերոնշյալ  լսումների ընթացքում՝ բազմաթիվ փաստաթղթերի հետ միասին, մանրամասն ներկայացվել եւ քննարկվել են այժմ իբր որպես “թաքցված” որակվող հանքաքարի քիմիական բաղադրույթունը (ներառյալ հանքաքարում մետաղների պարունակությունները), ինչպես նաեւ խտանյութի եւ պոչանքների քիմիական բաղադրության ամբողջական եւ ամփոփ բոլոր նյութերը, փաստաթղթերը եւ այլ աշխատությունները։ Նույնիսկ լսումներից հետո, եւ մինչ այժմ, այս եւ նմանատիպ այլ հաշվետվությունները, ներառյալ երկրաբանական աշխատանքների եւ նմուշների լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ ամբողջ հաշվետվությունները, հաստատումները, եւ այլ հարակից փաստաթղթերը հանրորեն մատչելի են լիազոր մարմիններում՝ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի դրույթների համաձայն, ինչպես նաեւ Ընկերությունում։

2008թ-ին նշված ընթացակարգերի թափանցիկ, բաց եւ հանրության համար մատչելի քննարկումներից եւ հաստատումներից հետո իրականացվել է Թուխմանուկի նախանական պաշարների վերագնահատմանն ուղղված՝ ՀՀ օրենքով կարգավորվող բաց, գիտատար, թափանցիկ գործընթաց եւ ընթացակարգ, որի արդյունքում Թուխմանուկի նախնական պաշարները վերագնահատվել եւ վերահաստատվել են։ Այս ընթացակարգերը նույնպես՝ նախկինների նման, մատչելի են հանրությանը։ Որպես այս ընթացակարգերի մաս, Ընկերության կողմից կազմվել եւ ՀՀ լիազոր մարմիններին է ներկայացվել Թուխմանուկի հանքավայրում 25 հազար մետր ադամանդյա հորատումների, եւ ամբողջ հանքային դաշտի համընդհանուր եւ մանրակրկիտ երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում 2009թ-ին կազմված ՏՏՀ-ն (Տեխնիկա – Տնտեսական Հիմնավորում), հանքաքարի մետալուրգիական փորձարկումների թվով չորս հաշվետվություններ՝ 2008, 2009, եւ 2010թթ-ի համար (Մետալուրգիական Հաշվետվություններ), ինչպես նաեւ Ընկերության կողմից 2006թ-ին կազմված եւ լիազոր մարմիններին նշված ընթացակարգերի համաձայն ներկայացված՝ “ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրում եւ նրա թեւերում երկրաբանական հետախուզական աշխատանքների արդյունքների մասին” Գիտական Աշխատություն - Հաշվետվությունը (Երկրաբանական Հաշվետվություն)։

ՏՏՀ-ն, Մետալուրգիական Հաշվետվություններ եւ Երկրաբանական Հաշվետվությունը ներկայացվել եւ հիմք են ծառայել, մասնավորապես, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կողմից Թուխմանուկի վերահաշվարկված պաշարների հաստատման համար՝ 2009թ-ին, դարձյալ հանրության համար մատչելի, բաց եւ թափանցիկ ընթացակարգի միջոցով, պարունակում են հարյուրավոր էջեր՝ ներառյալ այժմ որոշ անձանց կողմից որպես “թաքցված” որակվող տեղեկություններ եւ վերլուծություններ։

Ի դեպ՝ Ընկերության դեմ անհեթեթ պնդումներ անող անձանց կողմից նշված գիտնականը, ով հեղինակել է իր հայտնի աշխատությունը 2010թ-ին (Շ. Խաչատրյան, “Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքաքարերի երկրաքիմիական առանձնահատությունները”), եւ ով՝ ըստ այդ նույն անձանց, իբր “բացահայտել” է Ընկերության կողմից “քացրած” տվյալներ, իրականում համահեղինակել է Ընկերության 2006թ-ի Երկրաբանական Հաշվետվությունը, իսկ նրա 2010թ-ի գիտական աշխատությունն ընդամենը Ընկերության Երկրաբանական Հաշվետվության սեղմ տարբերակն է։

Ընկերության կողմից բնությանը եւ միջավայրին իրբ վնաս հասցնելու հիմնազուրկ եւ սին պնդումներից առավել հատկանշական է մի դրվագ, ըստ որի, իբր “ցանկություն ունենալով պարզել ճշմարտությունը” հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը՝ առանց Ընկերությանը տեղեկացնելու կամ Ընկերությանը որպես մասնակից ներգրավելու, Ընկերությունից գաղտնի նախաձեռնել է “առկա պոչամբարից եւ պատահական ընտրանքով Մելիք գյուղի բնակիչների տնամերձ հողամասերից հողի եւ պոչանքի նմուշներ եւ հանձնել լաբորատոր քննության”, եւ դրանցում իբր հայտնաբերել է Ընկերության կողմից “չնշված բազմաթիվ ծանր մետաղներ”, “օրենքով թույլատրելի խտությունները գերազանցող մի շարք տարրեր” եւ հընթացս մեղադրել է Ընկերությանը այդ տարրերի առկայության, եւ դրանք իբր թաքցնելու մեջ՝ հայտարարությունն անմիջապես տեղադրելով համացանցում։ Միաժամանակ, այդ լաբորատոր քննության արդյունքները, նմուշարկման ընթացակարգերը եւ այլ նյութերը Ընկերությանը չեն տրամադրել, իսկ Ընկերությունից որեւէ պարզաբանում չեն խնդրել։

Զուտ իրավական իմաստով, հարկ է նշել, որ ՀՀ օրենքը (այլ երկրների համապատասխան օրենքների նման) թափոնների (պոչանքների) համար չի սահմանում “տարրերի թույլատրելի խտություններ”։ Նման պնդումն ընդամենը պարզ մեքենայություն է, պարզունակ հնարք՝ մոլորեցնելու նպատակով. թափոնները սնունդ չեն, խմելու ջուր չեն, որպեսզի նրանց համար “տարրերի թույլատրելի խտություններ” սահմանվեն։ Թափոնները պահվում են պոչամբարներում, մեկուսացվում են արտաքին միջավայրից հենց այն պատճառով որ թափոններ են։ Ավելին, ՀՀ օրենքի պարզ դրույթների համաձայն հանքարդյունահանման թափոնները չեն դասակարգվում որպես “վտանգավոր”։ Սա պարզ եւ անհերքելի փաստ է։

Ինչպես արդեն նշվել է, Ընկերությունը՝ սկսած 2006թ-ից, իրականցնում է Թուխմանուկի հանքավայրի տարածքի եւ դրա շրջակայքի միջավայրի մշտադիտարկում՝ անկախ փորձագետի ներգրավումով։ Մշտադիտարկումն անց է կացվում նշված տարածքների ջրային ամբողջ ավազանի համար՝ Թուխմանուկի հանքավայրից դուրս վերին հորիզոնների, հանքավայրի արտադրական մասի (ներառյալ բացահանքը, ֆաբրիկան, եւ պոչամբարը), ինչպես նաեւ Մելիքգյուղի սահմանի մոտ ջրային ավազանի (գյուղ մտնող գետի) ջրերի համար։ Արդյունքները տրամադրվում են համայնքին, մարզպետարանին, պատկան եւ լիազոր մարմիններին (ներառյալ ՀՀ Բնապահպանության նախարարությանը՝ հաշվետվությունների ձեւով), ինչպես նաեւ տեղադրվում են համացանցում։ Համաձայն այդ տվյալների, Ընկերության՝ ՀՀ օրենքով որպես ոչ վտանգավոր համարվող թափոնների մեջ պարունակվող որեւէ նյութի ներթափանցումը արտաքին միջավայր՝ նույնիկ ջրերի միջոցով, ակնհայտորեն եւ անհերքելիորեն բացառվում է։ Հակառակը պնդողները քաջատեղյակ են այդ պարզ իրողությանը։ Ի դեպ, այդ անձինք շարունակաբար մերժել են Ընկերության բազմաթիվ կոչերը եւ հրավերները՝ մասնակցել մշտադիտարկման իրականացմանը եւ նույնիսկ այլ լաբորատորիաներին ներկայացնել մշտադիտարկման նմուշների կրկնօրինակները՝ համոզվելու համար որ մշտադիտարկման արդյունքները ճիշտ են։ Ընկերության համար արդեն ակնհայտ է, սակայն, թե ինչու է մերժվում նման համագործակցությունը։ Այդ մերժումը, պարզվում է, կրում է կոնկրետ շահադիտական բնույթ։

Ընկերությանը հաջողվել է ձեռք բերել հասարակական կազմակերպության այդ ներկայացուցչի կողմից նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները, որը ներկայացնում ենք կից։

Այսպես, ՀՀ ԳԱԱ Էկոլոգիանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից ներկայացված՝ պոչանքների եւ տնամերձ հողերի լաբորատոր փորձաքննության արդյունքների համաձայն, տնամերձ հողերում բարիումի (Ba) պարունակությունը (մգ/կգ) գերազանցում է Ընկերության պոչանքներում (թափոններում) նույն նյութի պարունակությունը՝ մինչեւ 2.2 անգամ, կոբալտի (Co) պարունակությունը՝ մինչեւ 2.1 անգամ, քրոմի (Cr) պարունակությունը՝ մինչեւ 2.3 անգամ, պղնձի (Cu) պարունակությունը՝ մինչեւ 1.8 անգամ, նիկելի (Ni) պարունակությունը՝ մինչեւ 1.9 անգամ, ռուբիդիումի (Rb) պարունակությունը՝ մինչեւ 1.4 անգամ, անագի (Sn) պարունակությունը՝ մինչեւ 2.3 անգամ, ստրոնցիումի (Sr) պարունակությունը՝ մինչեւ 2.8 անգամ, վանադիումի (V) պարունակությունը՝ մինչեւ 2.3 անգամ, ցինկի (Zn) պարունակությունը՝ մինչեւ 15.2 անգամ, ցիրկոնիումի (Zr) պարունակությունը՝ մինչեւ 2 անգամ, երկաթի (Fe) պարունակությունը՝ մինչեւ 2 անգամ, տիտանի (Ti) պարունակությունը՝ մինչեւ 2 անգամ։

Այս տվյալների առկայության պարագայում պարզ տրամաբանությունը առնվազն հաստատում է, որ եթե նույնիսկ Ընկերության թափոններն ամողջությամբ տեղափոխվեին տնամերձ հողամասեր, ապա այդ հողամասերում նշված նյութերի նման բարձր պարունակություն լինել չէր կարող, եւ պարզվում է, որ Ընկերության թափոններն այս նյութերի պարունակությունների առումով մի քանի անգամ ավելի “մաքուր” են քան տվյալ տնամերձ հողամասերը։ Ակնհայտ է, ուստի, որ եթե նշված ուսումնասիրության արդյունքները տրամադրվեին, կամ գոնե դրանց տրվեր պարզ վերլուծություն այլ ոչ ինքնանպատակ տարամեկնաբանում, ապա Ընկերությանը մեղադրելու “առասպելը” պետք է փլվեր։ Կարծում ենք Ընկերությունից գաղտնի այս ուսումնասիրության նպատակներն արդեն պարզ են նաեւ հանրության համար։

Իսկ տնամերձ հողամասերում նման նյութերի պարունակությունը նույն  հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներին բացատրել են հենց համայնքի անդամները՝ այդ կազմակերպությունների կողմից համայնքում կազմակերպված մի միջոցառման ընթացքում, որին Ընկերությունը չի հրավիրվել՝ ակնհայտորեն դիտավորյալ։

Պարզվում է, որ համայնքի անդամները հայտնել են, որ վաղուց տեղյակ են այդ նյութերի, եւ մասնավորապես ցինկի եւ պղնձի բարձր պարունակություններից իրենց տնամերձ հողերում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներում համայնքում լայնորեն օգտագործվել են մեծ քանակություններով նման միացություններ՝ կրծողների դեմ պայքարելու, ինչպես նաեւ հողը պարարտացնելու նպատակով, իսկ դրանք խորհրդային կառավարության կողմից արգելվելուց հետո այդ նյութերի մեծ քանակություններ չեն տարհանվել, այլ պարզապես թաղվել են համայնքի հողերում։ Համայնքի անդամները նույնիսկ բացատրել են մանրամասներ, եւ պնդել, որ Ընկերությանը մեղադրել դրանում ողջամիտ չէ։ Իսկ իրենք իրենց որպես հասարակական գործիչներ ներկայացնողները ոչ միայն չեն հրապարակել համայնքի անդամների պարզ եւ վստահելի վկայությունների մասին, ոչ միայն չեն վերլուծել արդյունքները, այլ փոխարենը հայտարարել են, թե իբր Մեգո Գոլդը հերքում է այդ ուսումնասիրության արդյունքները։ Սա առնվազն ազնիվ չէ։ Ընկերությունը եւ Մեգո Գոլդը ակնկալում են, որ այս պնդումները տարածող անձինք կհերքեն Ընկերության եւ Մեգո Գոլդի նկատմամբ այս ուսումնասիրության հետ կապված մեղադրանքները՝ հենվելով գոնե իրենց իսկ կողմից արված ուսումնասիրությունների արդյունքների վրա։

Ավելին, քաջ գիտակցելով, որ Ընկերության դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ եւ շինծու բնույթի են, նույն անձինք փորձել, եւ մինչ այժմ փորձում են համայնքում կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ իբր Ընկերության գործունեությունը քննարկելու նպատակով, սակայն միջոցառումներին դարձյալ չեն հրավիրում Ընկերությանը կամ նրա ներկայացուցիչներին։ Այդ միջոցառումների ընթացքում ընդամենը փորձում են խավարամտություն սերմանելու միջոցով սադրել համայնքի անդամներին որպեսզի վերջիններս Ընկերության դեմ անհիմն հայտարարություններ անեն՝ զուտ քարոզչական նպատակներով։ Այսպես, միջոցառումների ժամանակ ներկայացուցիչներից մեկը բառացիորեն հայտարարում է, որ հանքը շահագործողներին “կախաղան կհանեն”, որ հանքարդյունաբերությունը չարիք է ամբողջ մարդկության դեմ, որ այլ երկրները վաղուց արդեն արգելել են հանքարդունաբերությունը, եւ այլ՝ մտացածին եւ պարզապես սին հայտարարություններ։

Ընկերության ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես են հասարակական գործիչ ներկայացող կոնտրետ անձը քննարկման սենյակից դուրս հրավիրում համայնքի որոշ (իրեն ծանոթ) անդամների, եւ բառացիորեն ցուցում տալիս նրանց թե ինչ պետք է ասել քննարկման սենյակում։ Այնուհետեւ համայնքի այս կամ այն անդամը մտնում է քննարկման սենյակ, փորձում ընդատել Ընկերության ներկայացուցչին հերքող փաստարկներ եւ հիմքեր ներկայացնելիս (խոսքը համեմելով նաեւ պարզ հայհոյանքով), իսկ հասարակական կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ հաճույքով եւ մանրազնին նկարահանում է ընդհատող - խոսողին, այնուհետեւ տեսանյութը տեղադրվում է համացանցում՝ իբր որպես Ընկերության գործունեության հետ համայնքի “անհամաձայնության” վառ ապացույց։ Այս գործելակերպը նույնիս չի թաքցվում, գոնե ձեւականորեն։ Արդյունքում, համացանցում տեղադրված տեսանյութերում ուղղորդված հարցերի եւ ցուցված անհիմն պատասխաններ - հայտարարությունների փաստը դառնում է ակնհայտ։ Չի տեղադրվում որեւէ նյութ, կամ հայտարարություն, որտեղ համայնքի որեւէ ներկայացուցիչ հերքում է նկարահանողի “տեսակետը”, կամ նույնիսկ կասկած հայտնում դրա մասին։

Սա, հիրավի, զավեշտալի իրավիճակ է։ Պարզորոշ է, որ հասարակական  կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ ակնհայտորեն փորձում են վարկաբեկել, խանգարել եւ նույնիսկ կասեցնել մի կազմակերպության գործունեություն որը ոչ միայն իր գործունեությամբ ապացուցել է որ հավատարիմ է միջավայրի պահպանությանը, համայնքի սոցիալական խնդիրներին եւ դրանք համարում է իր գործունեության կարեւորագույն չափանիշներից մեկը, այլ նաեւ ներկայացնում է անհերքելի փաստարկներ որոնք ակնհայտորեն չեն հերքվում, սակայն նույնիսկ այդ դեպքում  անհիմն եւ կեղծ մեղադրանքներն Ընկերության դեմ չեն դադարում։ Ավելին, Ընկերությանը կարծես ստիպում են հասկանալ, որ Հայաստանում չպետք է գործեն հանքարդյունաբերական ձեռնարկություններ որոնք հոգ են տանում բնապահպանության եւ միջավայրի, համայնքի սոցալական խնդիրների մասին, օտարերկրյա ներդրումներ են՝ տնտեսության համար չափազանց կարեւոր, որ հաջողեն։

Կազմակերպությունների ներկայացուցիչների այս չափազանց անողջամիտ գործելակերպի, եւ այս արառոց երեւույթի իրական պատճառների բացահայտմանն ուղղված Ընկերության ջանքերը հանգեցրել են տխուր բացահայտման, որով Ընկերությունը ստիպված է հանդես գալ սույնով, ափսոսանք հայտնելով նման երեւույթի վերաբերյալ։

Ընկերությունը տեղեկացել է, որ իրեն շարունակաբար անհմին մեղադրող նշված հասարակական կազմակերպությունների այդ նույն ներկայացուցիչները, պարզվում է, դիմել են որոշ միջազգային եւ տեղական աղբյուրների՝ Թուխմանուկի հանքավայրում բնապահպանական խնդիրների բացահայտումն ու վերացումը ֆինանսավորելու դիմումներով, հաճախ կրկնվող եւ հիվանդագին հետեւողականությամբ։ Ընկերությունը տեղեկացել է, որ միջազգային աղբյուրները պարզ եւ հասկանալի ձեւով հակադարձել են այդ անձանց առ այն, որ դատելով Ընկերության թափանցիկ գործելակերպից, ինչպես նաեւ առկա փաստերից Թուխմանուկի հանքավայրում բնապահպանական խախտումների փաստեր չկան՝ մատնանշելով նաեւ նման խախտումների վերաբերյալ հասարակական հնչեղության իսպառ բացակայությունը։ Ըստ երեւույթին, հասարակական կազմակերպությունները ներկայացնող որոշ անձինք միջազգային կառույցների նման պարզ եւ հասկանալի հակադարձումը հասկացել են յուրովի. հնչեղություն կստեղծենք, իսկ փաստերը կարելի է նաեւ հորինել կամ նենգափոխել։ Սա զուտ խորհրդային մոտեցում է, վաղուց, սակայն, ապարդյուն դարձած։

Ընկերությունը դեռ ամբողջությամբ չի պարզել ֆինանսավորման տեղական աղբյուրների արձագանքն այդ նույն անձանց՝ Թուխմանուկի հանքավայրի գործունեությունը անհիմն եւ կեղծ մեղադրանքների գործադրմամբ դադարացնելու փորձ ձեռնարկելու վերաբերյալ, սակայն ցավով արձանագրում է իր դիտարկումների որոշ արդյունքներ, որոնք նույնպես անհանգստացնող են։ Ընկերությանն անհիմն մեղադրող այս ներկայացուցիչներից մեկն արդեն շաբաթներ շարունակ իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է մամուլում լույս տեսած հոդվածներ, որոնք տարիներ առաջ հրապարակվել են Ընկերության հանդեպ նախկին պաշտոնյաներից մեկի կողմից կոռուպցիոն պահանջներ ներկայացնելու եւ Ընկերության հանդեպ այդ պահանջներն իրականացնելու նպատակով քարոզչական կեղտոտ արշավ ձեռնարկելու համատեքստում։ Կանխակալ նպատակին հասնելու մոլուցքի արդյունքում, այս  ներկայացուցիչն անցել է ողջամտության բոլոր սահմանները, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով նյութեր, որոնք վերաբերվում են նույնանուն մեկ այլ ընկերության գործունեությանը՝ Ղրղզստանում։

Սա չափազանց արատավոր երեւույթ է, եւ այն պետք է անմիջապես դադարեցվի։ Կարծում ենք չպետք է լինել չափազանց ուսյալ՝ հասկանալու համար նման գործելակերպի կամ մտայնության վտանգավորության աստիճանը՝ նախ եւ առաջ համայնքի, ապա նաեւ ոլորտի, երկրի տնտեսության, արտագաղթի, երկրի միջավայրային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպան հասարակական կազմակերպություննների վարկանիշի տեսանկյուններից։  Չի կարելի անձնական շահերից ելնելով կասկածի տակ դնել հասարակական կազմակերպությունների հեղինակությունը, որոնք, պարզվում է, կարող են սպասարկել նաեւ խմբային շահեր կամ հետապնդել պարզ վրեժխնդրության նպատակներ։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից կոռումպացված գործելաոճի կրկնօրինակումն անթուլատրելի է եւ ապարդյուն. դա չի բերում որեւէ արդյունքի, ինչպես արդեն ապացուցել է փորձը, իսկ Հայաստանն արժանի է ունենալ բնության եւ միջավայրի պահպանության մեջ իրապես շահագրգռված հասարակական կազմակերպություններ։

Հաշվի առնելով այս իրողությունները, Ընկերությունը խնդրում է նշված հասարակական կազմակերպություններին բացահայտել, թե որ միջազգային կամ տեղական աղբյուրների հետ են նրանք, կամ նրանց որեւէ ներկայացուցիչ,  համագործակցել՝ ներառյալ ֆինանսավորում ստանալու նպատակով, ուղղված Ընկերության դեմ ակնհայտորեն կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով որեւէ գործողություն ձեռնարկելուն, ինչպես նաեւ խնդրում ենք բացահայտել, թե որոնք են եղել նման համագործակցության նպատակները եւ պայմանները։

Ընկերությունը հավաստում է, որ շարունակելու է աշխատել թափանցիկորեն եւ բաց՝ ներառյալ բնության եւ միջավայրի պահպանության ուղղությամբ։ Ինչպես միշտ՝ մենք բաց ենք ցանկացած քննարկման համար, որն ուղղված կլինի Ընկերության գործունեության համայնքների շահերին։

Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղ

Econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում