Որքա՞ն մարդ է տուգանվել մեքենայից աղբ նետելու համար. հարցի պատասխանն արժի 3000 դրամ
Աղբը մեքենայից դեն նետելու վատ սովորույթը ուղեկցում է ոչ միայն հայերին, սակայն մեր երկրում այն հասնում է աբսուրդային կարգավիճակի կամ գուցե որպես քաղաքացի մեր սիրտն ավելի է ցավում հարազատ քաղաքի փնթի վիճակի համար:
Այլ ազգի ներկայացուցիչների մոտ պարծենալով, գլուխ գովելով և ներկայացնելով պատմամշակութային մեր հարուստ ժառանգությունը` գլուխներս ստիպված ենք կախել` տեսնելով, թե ինչ է կատարվում հենց այդ հուշարձանների շուրջը կամ հեռու չգնանք` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
Քաղաքակիրթ և դեպի Եվրոպա տենչող հոգով-սրտով քաղաքակրթությունից հեռու վերաբերմունքը չի համընկնում իրական քաղաքակրթութան մասին մեր պատկերացումներին:
Որքան քիչ գետնին աղբ թափենք, այնքան քիչ աշխատանք կպահանջվի այն մաքրելու համար: Փաստերը ցույց են տալիս, որ այս տարրական գիտակցությունը քչերին է հասանելի:
Խնդրի լուծման համար տարբեր երկրներում կիրառում են տարբեր պատժամիջոցներ, օրինակ` Լոնդոնում հունիս ամսվանից սահմանաված է հատուկ տուգանք` աղբը մեքենայի պատուհանից դեն նետելու համար, այն կազմում է 65.000 դրամին համարժեք գումար, Ռուսաստանում`13.000, իսկ Հայաստանում (այստեղից սկսվում է ամենահետաքրքիր պահը) վարորդի դեպքում` 5000, իսկ սովորական ուղևորի պարագայում` 3000 դրամ: Հետաքրքիր և անհասկանալի մոտեցում. չէ՞ որ երկու դեպքում էլ նույն աղբը հայտնվում է գետնին և նույնչափ է աղտոտվում մեր քաղաքը: Ի տարբերություն մեր երկրի` Լոնդոնում ամենևին էլ կարևոր չէ, թե ով դեն նետեց աղբը, տուգանքը նույնքան է և պատասխանատվության է ենթարկվում մեքենայի սեփականատերը: Քաղաքում տեղադրված են տեսախցիկներ, որոնք ֆիքսում են կարգի խախտումը, այնուհետև` նամակ ուղարկում համապատասխան հասցեով:
Ի դեպ, սոցիոլոգներիը պարզել են,որ օրենքի կողմնակիցները արտասահմանում հենց վարորդներն են, որոնց նյարդայնացնում է աղբի միջով մեքենա վարելը:
Խնդրով մտահոգ` ս.թ. նոյեմբերի 11-ին econews-ը գրավոր դիմեց ՀՀ ճանապարհային ոստիկանություն` խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե ավտոմեքենայից աղբ նետելու համար որքան մարդ է տուգանվել:
Ի պատասխան econews-ի հարցմանը` ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայությունից հայտնեցին. <<ՀՀ կառավարության 2007թ-ի նոյեմբերի 8-ի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին>> թիվ 1408-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի համաձայն, օրենքով չարգելված տեղեկատվության տրամադրման համար նախատեսված է 3000 դրամ վճարի չափ: Հետևաբար, Ձեր գրության պատասխանը կարող եք ստանալ միայն վճարման ադորրագիր ներկայացնելուց հետո:
P.S. Չենք կարծում, որ մարդկանց թիվը նշելու համար պետք է 3000 դրամին համարժեք գումարի պատճենահանում իրականացնել ինֆորմացիան տրամադրելու համար:
Econews.am
