Շրջակա միջավայրն աղտոտողը չի տարբերվում խոզից. “Let’s Do It” Armenia
Սեպտեմբերի 15-ին “Let’s Do It” Armenia շարժման շրջանակներում տեղի ունեցած համահայկական աղբահավաքը հիմք հանդիսացավ, որ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Երևանը մեր տունն է» շարունակական ծրագրի շրջանակներում իրականացվեց շաբաթօրյակ: Հանձնաժողովի անդամ շուրջ 17 հասարակական կազմակերպությունների 150 ներկայացուցիչներ մաքրեցին Երևանի Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի և Ավան վարչական շրջանների պատերին ու սյուներին փակցված հայտարարությունները, կոչերն ու պաստառները:
«Հայաստանի ազգային սկաուտական շարժում» («ՀԱՍԿ») ՀԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Սանամյանը պատմում է, որ պաստառների մաքրման աշխատանքներ իրականացնելիս գովազդային պաստառների տակ փակցված է, որ սյան վրա թուղթ փակցնողը ենթարկվում է վարչական տուգանքի, ինչը իրականում չի գործում:
«Մաքրման աշխատանքների ժամանակ զանգել զգուշացրել ենք, որ դրա համար պետք է պատասխանատվություն կրել: Որոշ մարդիկ խոստովանում են , որ տեղյակ չեն տուգանքի մասին, իսկ մյուսներն արդարանում են, թե բոլորն են փակցնում, մենք ինչու չպետք է փաքցնենք»,-ասում է Աշոտ Սանամյանը: Օրենքը չի գործում, սակայն մարդիկ էլ անբարեխիղճ են»:
Ա. Սանամյանը պատմեց նաև, որ «Հայաստանի ազգային սկաուտական շարժման» նախաձեռնությամբ ժամանակին իրականացվեցին Գետառի մաքրման աշխատանքներ, որից հետո գետառի մոտ փակցվեց մի մեծ պաստառ` խոզի նկարով, գրված` <<Գետառի մեջ աղբ գցողը նմանվում է խոզի>>: <<Պաստառը փակցնելուց ընդամենը երկու ժամ անց այն հայտնվել էր Գետառի մեջ: Երևի ինչ-որ մեկը իրեն խոզ զգալով բարկացած պաստառը նետել է ջուրը>>,- ասում է նա:
Ինչպես econews-ին տեղեկացրեց «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության մասնակից Նելլի Սիսակյանը, աշխատանքներ են տարվում “Let’s Do It” Armenia շարժումն ամենամյա դարձնելու ուղղությամբ: «Դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: «Համահայկական աղբահավաքը այդպես էլ պետական հովանավորության չարժանացավ: Երևի մեր երկրի նախագահը չի կարևորել շարժման գաղափարը>>, - ասում է Նելլի Սիսակյանը և հույս հայտնում, որ շարժման շարունակական լինելու դեպքում երկրի նախագահը առաջնային կհամարի երկրի մաքրման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔի հոդված 116-ում (Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը) նշվում է. «Գնացքների վագոնների պատուհաններից ու դռներից աղբ եւ այլ առարկաներ դուրս նետելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսան տոկոսի չափով»:
Անցած տարվա հունիսի 1-ի դրությամբ` ավտոմեքենայից աղբ նետելու համար տուգանվել է 1297 մարդ: Հիշեցնենք, որ եթե աղբը նետում է վարորդը, ապա տուգանվում է 5 հազար, եթե ուղևորը` 3 հազար դրամով: Այս տարվա տվյալները econews-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կփոխանցի ավելի ուշ:
Սակայն, փաստը մնում է փաստ, որ օրենքը, եթե նույնիսկ գործում է, ապա խնդիրը չի կարգավորվում: Չնայած իրականացվող մաքրման տարբեր միջոցառումներին, երկիրը ընդհանուր առմամբ շարունակում է մնալ կեղտոտ, քանի որ աղբի տեսակավորում և վերամշակում իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից, որոնք նախ և առաջ աղբը ընդունում են բիզնեսի տեսանկյունից, իսկ գիտակից և հոգատար մարդիկ, ովքեր տեսակավորելով հավաքում են աղբը իրենց տանը կամ աշխատավայրում, ընտրություն չունեն` տեսակավորված աղբը ի վերջո խառնվում է մյուս բնակիչների հավաքած ընդհանուր աղբին:
Ս. Աբրահամյան
Econews.am