«Բունկայի ընկերները»․ 70 000-ից ավելի մարդ կոչ է անում օգնել Երևանի կենդանաբանական այգու փղին (տեսանյութ)

Միացեք ստորագրահավաքին՝ այստեղ։

Ավելի քան 70 հազար մարդ միացել է Երևանի կենդանաբանական այգու Բունկա փղին ազատելու կոչ-ստորագրահավաքին։ Բրիտանացի լրագրող Մարկ Սթրեթոնը՝ փետրվար ամսին այցելելով Երևանի կենդանաբանական այգի և տեսնելով Բունկա փղի պայմանները, որոշել է մեկնարկել արշավ կենդանուն փրկելու նպատակով։ Մարկը և կենսաբան Թինա Պապադոպուլոն միացել են ու ստեղծել «Բունկայի ընկերները» նախաձեռնությունը: 

Մարկը բրիտանացի ճամփորդական և բնության լրագրող, BBC ռադիոհաղորդավար է, որն առաջին անգամ հանդիպել է Բունկային 2021 թվականի փետրվարին Հայաստանում աշխատանքի ժամանակ և հասկացել է, որ պետք է ինչ-որ բան անել կենդանու կյանքը բարելավելու համար։ Նա գտել է իր գաղափարակից Թինային, որը մոլեկուրյար կենսաբան է և այժմ Բունկային փրկելու գաղափարի շուրջ հավաքվել են ավելի քան 70 հազար մարդիկ, որոնք բոլորը Բունկայի ընկերներն են։ 

Բունկան Երևանի կենդանաբանական այգում

Դեռևս 2021 թվականի սեպտեմբեր ամսին Pro Elephant Network (PREN) կազմակերպության կողմից նամակ է ուղարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությանը՝ ներկայացնելով Բունկայի իրավիճակը և առաջարկելով լուծման տարբերակներ։ Նշված նամակը ստորագրվել է շուրջ 50 ականավոր մասնագետների հետ։ 

Բունկային օգնելու կոչով հանդես են եկել մի քանի հեղինակավոր կազմակերպություններ՝ Pro Elephant Network (PREN), Born Free և International Animal Rescue (IAR): 

Մարկը և Թինան ստեղծել են «ազատենք Բունկային» (freeBunka) կայքը, որտեղ կարելի է տեղեկություններ գտնել Բունկայի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս դարձել է Բունկայի ընկերը և աջակցում է Երևանի կենդանաբանական այգու փղի համար առավել լավ պայմաններ ապահովելու գաղափարին։ Նախաձեռնությանը միացել են նաև Փրո Փոուզ (Pro Paws) միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպությունը, Դինգո թիմ ՀԿ-ն։

Բունկայի ընկերներ՝ Մարկը և Թինան

Մեզ հետ զրույցում Թինան և Մարկն ընդգծել են, որ նրանց նպատակն է Բունկային տեղափոխել օրինակ՝ Թայլանդում կամ Հնդկաստանում գտնվող կենտրոն, որտեղ կենդանին կունենա հսկայական տարածքներ բնության գրկում և իր համար նոր ընկերներ կգտնի։ Այժմ նրանք միջոցներ են ձեռնարկում նպատակին հասնելու ուղղությամբ և կոչ են անում Հայաստանի բնակիչներին միանալ ստորագրահավաքին, ինչպես նաև՝ ՀՀ Կառավարությանը աջակցել Բունկայի փրկության գաղափարին։ 

«Ազատենք Բունկային» #freeBunka կայքը

Մարկը գրել է․ «Երբ 2021 թվականի սկզբին Երևանի կենդանաբանական այգում (Հայաստան) առաջին անգամ տեսա Բունկային՝ փոքրիկ ասիական արու փղին, անմիջապես զգացի նրա հուսահատության և միայնության, անօգնականության աստիճանը։ Բայց դա չպետք է լինի այսպես, քանի որ ողջ աշխարհի կենդանաբանական այգիներումնկատվում է միտում փղերին տեղափոխել արգելավայրեր՝ հաշվի առնելով, որ փղերը գերության մեջ հոգեբանական և ֆիզիկական մեծ վնաս են կրում և Բունկայի համար ավելի լավ կյանքի տարբերակներ կան՝ արգելավայրում»։ 

Նշենք, որ փղերը բարձր ինտելեկտով և սոցիալական կենդանիներ են, նրանք զգալի ֆիզիկական տառապանք և հոգեբանական անհանգստություն են զգում կենդանաբանական այգու պարիսպներում բանտարկվելու հետևանքով: Սա դրսևորվում է անբնական և կրկնվող (կարծրատիպային) վարքագծով, երիտասարդ առանձնյակների մահացության բարձր տոկոսով և կյանքի տևողության կրճատմամբ: Կենդանաբանական այգիները չեն կարող պատշաճ կերպով բավարարել փղերի կարիքները՝ տարածքի բացակայության, զբաղվածության և հաճախ նվիրված խնամքի բացակայության պատճառով։

Ստորագրահավաքի բացատրությամբ ասվում է․ «Ո՞վ է Բունկան․ Փետրվար ամսին Երևան այցելության ընթացքում՝ լսելով միայնակ բանտարկված փղի մասին, ես այցելեցի քաղաքի կենդանաբանական այգի։ Բունկան 15 տարեկան երիտասարդ արական սեռի չափահաս փիղ է, որը Թբիլիսիի կենդանաբանական այգում մորից բաժանվելուց հետո ավելի քան յոթ տարի միայնակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում: Նա միայնակ է, գնալու տեղ չունի և անելիք չունի։ Նայելով նրա անհանգիստ աչքերին, հասկանում ես, որ նա կարծես ավելի լավ կյանք էր խնդրում:

Դրվագ ստորագրահավաքից

Բունկայի դժբախտությունը․ երբ ես առաջին անգամ տեսա նրան, դեռ ձյուն կար ու ցուրտ էր։ Իր մութ ձմեռանոցի ներսում՝ փակ դռան հետևում նա անվերջ պտտվում էր շրջանակներով, ինչը ցույց է տալիս, որ նա դրսևորում է կարծրատիպային վարք, որն առաջացել է միայնության և կալանքի հոգեբանական սթրեսից: Հաջորդ շաբաէ ես վերադարձա և Բունկան դրսում էր, բայց անտարբեր ու չհետաքրքրված էր։ Բազմաթիվ գիտական ապացույցներ հաստատում են, որ բատարկությունը կենդանաբանական այգիներում այս բարձր ինտելեկտով կենդանիներին տանում է մտավոր և ֆիզիկական քայքայմանը, ինչը հանգեցնում է անկանխատեսելի վարքի և վաղաժամ մահվան: Սա գլոբալ խնդիր է, և ցանկացած երկրում գերության մեջ գտնվող յուրաքանչյուր միայնակ փիղ արժանի է լսված լինելու:

Բունկայի ապագայի մեր տեսլականը․ Փղերով հետաքրքրված մի խումբ մարդկանց հետ մենք ստեղծել ենք «Բունկայի ընկերները» նախաձեռնությունը նպատակ ունենալով համոզել Երևանի կենդանաբանական այգուն ազատել Բունկային և տեղափոխել նրան ապաստարան, որտեղ նա կվայելի տարածությունը և այլ փղերի ընկերակցությունը։ Փղերի փորձագետների խմբի (PREN) անունից մենք նամակ ենք հղել Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությանը և կապնվել ենք նրանց հետ, բայց ոչ մի փոփոխություն չի կատարվել նրա դժբախտ կյանքն ավելի տանելի դարձնելու ուղղությամբ»։ 

Այսպիսով, Բունկայի ընկերները կոչ են անում միանալ ստորագրահավաքին և հորդորել ՀՀ կառավարությանը միանալ աշխարհում տարածվող գաղափարին առ այն, որ ՓՂԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻՆ։ Բունկային փրկելու արշավն իրականացվում է #FreeBunka հեշթեգով։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում