«Ես կարող եմ ընտրել, թե ով կարող է ինձ ղեկավարել, իսկ ով՝ ոչ»․ փոխնախարարը լքել է պաշտոնը

Այսօր՝ ապրիլի 28-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հայտնել է, որ այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը և դա իր սեփական որոշումն է եղել։ Տիկին Մազմանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ռուսերեն լեզվով, որից հատվածային թարգմանություններ ներկայացնենք ստորև․ «Ես միշտ շնորհակալ կլինեմ երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության և ամենակարևորը նրա համար, վերջապես վերադարձրել եք մեր ընտանիքը հայրենիք։ Ռոմանոս Պետրոսյան, քեզ հետ զիլ է աշխատելն ինչպես մասնավոր, այնպես էլ՝ պետական սեկտորում»։ 

Աննա Մազմանյանը նաև ընդգծել է, որ պետք չէ քաղաքական աստառ տալ իր որոշմանը՝ գրելով․ «Դա տգեղ է։ Այդպիսի բան չկա։ Ես այն մարդկանցից եմ, որոնք կարող են և պետք է ծառայեն իրենց երկրին անկախ քաղաքական իրավիճակից, պաշտոնից և այլն, հատկապես՝ այս վճռորոշ ժամանակաշրջանում»։ 

Ուշագրավ է տիկին Մազմանյանի հետևյալ նախադասությունը․ «Բայց ես նաև կարծում եմ, որ իմ կարգավիճակով, փորձով և բարոյական արժեքներով ես կարող եմ ընտրել, թե ով կարող է ինձ ղեկավարել, իսկ ով՝ ոչ»։ 

Գրառմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հղումով։ 

Հիշեցնենք, որ Աննա Մազմանյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալ է նշանակվել 2020 թվականի սեպտեմբեր ամսին, երբ նախարարը դեռ Ռոմանոս Պետրոսյանն էր։ Իսկ 2021 թվականի դեկտեմբեր ամսին շրջակա միջավայրի նոր նախարար է նշանակվել Հակոբ Սիմիդյանը, որը մինչ այդ զբաղեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնը։

Ընդգծենք, որ 2022 թվականի հունվար ամսին ԱԺ-ում Հակոբ Սիմիդյանի անզուսպ ծիծաղի արձագանքից հետո վերջինս գրեթե հանրային հանդիպումներ և ելույթներ չի ունենում, իսկ միջոցառումներին և հանդիպումներին հիմնականում մասնակցում են նախարարի տեղակալները։ ՇՄ նախարարին կից հանրային խորհուրդը Ռոմանոս Պետրոսյանի հեռանալուց հետո հանդիպում չի ունեցել։ 

Նախարարի տեղակալի հեռանալումասին գրել է նաև նախարարությունը․ «Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը․

Տիկին Աննա Մազմանյանի աշխատանքից ազատման վերաբերյալ նշվող պատճառները չեն համապատասխանում իրականությանը։

ԶԼՄ ներկայացուցիչ մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չանել քաղաքական ենթատեքստեր պարունակող անհարկի շահարկումներ։

Տիկին Աննա Մազմանյանը ինքը կփաստի, որ իր աշխատանքից ազատումը չի պարունակում քաղաքական տարրեր։

Շնորհակալություն ենք հայտնում տիկին Մազմանյանին և հաջողություն մաղթում իր հետագա գործունեության մեջ»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում