Սևանա լճի ափին 10.000 ծառ կտնկվի
Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզում՝ «Սևան» ազգային պարկի տարածքում, «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում կտնկվի ևս 10.000 տնկի։ Նախքան ծառատունկը «Սևան» ազգային պարկը նախաձեռնել է հանրային №1 լողափում (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա) իրականացնել մաքրման աշխատանքներ։
Մաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ «Սևան» ազգային պարկի կողմից մասնակիցներին կտրամադրվեն աղբահավաք պարկեր և ձեռնոցներ։
Աշխատանքները կմեկնարկեն 09։00-ին։ Շրջակա միջավայրի նախարարությունը համայնքի բոլոր բնակիչներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպությունների և բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Սևանա լճի առափնյա հատվածի մաքրման աշխատանքներին։
Ժամը 13։00-ին «Սևան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի Մարտունու տեղամասում կիրականացվի ծառատունկ մասնաճյուղի տնկարանում աճեցված բարդի տեսակի տնկիներով: 5000 տնկին կտնկվի Մարտունու տեղամասում, մյուս 5000-ը՝ մարզի այլ համայնքներում։
Այս պահին ընթանում են ծառերի տնկման համար նախապատրաստական աշխատանքներ։ Հանրային №1 լողափի մաքրման և ծառատունկի աշխատանքներին կմասնակցեն նաև Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը: