Արցախում կհիմնվի անտառային ծառատեսակների տնկարանային տնտեսություն
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ․ Ահարոնյանը և «Ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Գ․ Հայրապետյանը։
Հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանի և Արցախի գործընկերների հետ քննարկվել են միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։
Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերի: Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար։
Քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով Արցախի Հանրապետության անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին։ Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։