Բեռնատար էլեկտրամոբիլներն ազատվում են ԱԱՀ-ից
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ. ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։
Հաշվի առնելով բեռնատար ավտոմեքենաների՝ վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը, ինչպես նաև էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման մեծ հետաքրքրությունը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացված արժեքի հարկից ազատել նաև մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների) ներմուծումը և օտարումը:
Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար (բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը)։
Սույն փոփոխությունից հետո՝ 2018 թվականի համեմատ, 2020 թվականի միայն առաջին կեսում, բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ.
2018 թ. - 12 տ/մ
2019 (երկրորդ կես) – 668 տ/մ
2020 (առաջին կես) – 1863 տ/մ
Հարկ է նշել նաև, որ էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։
Միաժամանակ, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը։