Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունիցս հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։
Պարզ լիճ կատարած շրջայցից հետո նախարարը հանձնարարել է առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության պայմանագրերը, վերհանել դրանցում առկա անճշտություններն ու անհամապատասխանությունները, իրական գնահատական տալ վարձակալված տարածքների արժեքներին և տնտեսվարողների հետ սերտ ու կառուցողական փոխգործակցության արդյունքում վերանայել վարձակալությամբ նախատեսված վճարների չափերը։
Ըստ այդմ, կարճ ժամանակ անց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալի հետ։
2020 թվականի օգոստոսի 28-ին, «Դիլիջան» ազգային պարկում կայացած կառավարման խորհրդի նիստի օրակարգում ներառվել և քննարկվել են «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ի հետ 2006 թվականի հուլիսի 4-ին (ուժի մեջ է մինչև 2031 թվականի հուլիսի 4-ը) կնքված պայմանագրի համապատասխան դրույթները:
Հանդիպումների ընթացքում ձեռքբերված համաձայնության արդյունքում վարձակալության պայմանագիրը վերանայվել է, ինչի արդյունքում վարձակալության վճարն ավելացել է գրեթե 6 անգամ։
ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնավորապես գրել է․ «Իմ հանձնարարությամբ խիստ հսկողություն է սահմանվել նաև ազգային պարկում տնտեսական գործունեություն ծավալող տնտեսվարողների կողմից համապատասխան թույլտվությունների առկայության պահանջը։
Այսպես՝ պարտադիր է բնության հատուկ պահպանվող տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու համար ունենալ համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։ Օգտագործվող տարածքները կահավորել ջրահեռացման և ջրերի մաքրման կայաններով, սեպտիկ հորերով։ Տնտեսվարողները պարտավոր են որևէ հողաշինական աշխատանք իրականացնելիս ունենալ օրենքով սահմանված թույլտվություններ և ռելիեֆային փոփոխություններ կատարելիս պարտադիր անցնել ՇՄԱԳ փորձաքննություն։
Բնության հատուկ պահպանվող տարածքներում որևէ ինքնակամ և կամայական գործողություն չի հանդուրժվելու։ ԲՀՊՏ-ներում տնտեսվարման իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք՝ գործունեության ծավալման ողջ ընթացքում, գտնվելու են հատուկ պահպանվող տարածքը հսկող պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության ներքո։
Տավուշի մարզ կատարած այցիս շրջանակներում քննարկվել են նաև ապօրինի անտառհատումներին վերաբերող մի շարք հարցեր, հանձնարարել եմ առանձնահատուկ ուշադրություն դարձնել անտառխախտման դեպքերին եւ մեխանիզմներ մշակել՝ ապօրինի անտառհատումներն ու փայտագողության դեպքերը կանխելու և բացառելու համար»։