Արցախի ՀԷԿ-երի սեփականատերերը՝ նաև ՀՀ-ում. հացադուլը շարունակվում է
Ալեքսանդր Քանանեանն արդեն 14-րդ օրն է՝ սկսած հունվարի 20-ից, հացադուլի մեջ է: Վերջինս իր բողոքի ձայնն է հայտնում կապված Արցախի գետերի վրա կառուցվող փոքր ՀԷԿ-երի շուրջ: Ալեքսանդր Քանանեանը մասնավորապես բարձրաձայնում է Թարթառ (Տրտու) գետի էկոհամակարգի վրա ունեցած ՓՀԷԿ-երի ունեցած ազդեցության մասին: Քաղաքացու պահանջը հստակ է՝ դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից, հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ տեղեկատվությունը:
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո Ալեքսանդր Քանանեանը հունվարի 24-ին գրեց. «Պետնախարարին երախտագիտութիւն եմ յայտնում համաձայնութիւնը կայացնելու առաւելագոյն ջանքերի համար։ Միաժամանակ՝ արձանագրում եմ, որ Արցախի «քաղաքական ղեկավարութիւնը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջութիւնը և Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զագացման հեռանկարը փակող և տարածքի բնապահպանական համակարգը հիմնաւորապէս աղճատող փոքր ՀԷԿ֊աշինութեան անվերապահ կասեցման անխուսափելիոթիւնը։
Ուստի՝ ես շարունակում եմ հացադուլը և պատասխանատու կերպով զգուշացնում եմ, որ մերժելի ՀԷԿ֊աշինարարական աշխատանքների վերսկսման ուղղութեամբ որևէ ոտնձգութիւն յանգեցնելու է իրավիճակի կտրուկ վատթարացմանը։ Արցախի «քաղաքական ղեկավարութեանը» յորդորում եմ աւր առաջ գիտակցել Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ֊աշինութեան շարունակութեան անհամատեղելիութիւնը Հայաստանի ազգային անվտանգութեան հրամայականին և դրսևորել պատշաճ խոհեմութիւն։
Խորագոյն յարգանքս և երախտագիտութիւնս՝ հայրենի բնութեան և Արցախի համապարփակ զարգացման համար ինձ աջակցութիւն յայտնած բոլոր հայրենակիցներիս»:
Օրերս ի աջակցություն հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանի Արցախ են մեկնել մի խումբ բնապահպաններ և բնասերներ: Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը գրում է. «Ալեքսանդր Քանանեանի այս արմատական քայլը հերթական անգամ դրդում է բոլորիս հրատապ գործողությունների դիմելու և իրական ու շատ արագ փոփոխություններ ձեռնարկելու: Մենք չենք տեսնում գետերի էկոհամակարգերի ոչնչացման պատճառով առաջացած հազարավոր էակների տառապանքը, սակայն գոնե տեսնում ենք մեզ շատ մոտ ապրող մեկ մարդու ինքնազոհողությունը և պարտավոր ենք ամեն ինչ անել օր առաջ դրան վերջ տալու համար: Ալեքսանդր Քանանեանի սկսած պայքարը պետք է ծավալվի ու ներառի նորանոր խմբերի նորանոր գործողություններ: Արդեն հունվարի 27-ին ևս մեկ հոգի՝ Մհեր Պողոսյանը, Ստեփանակերտում միացել է հացադուլին՝ ի պաշտպանություն Քաշաթաղի և Քարվաճառի շրջանի գետերի: Քարվաճառի դպրոցականներն էլ պատրաստակամություն են հայտնել դասադուլ հայտարարելու, որը Քանանեանի խնդրանքով առայժմ չի սկսվել»:
Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն անդրադարձել է նաև Վայոց ձորի մարզում նոր փոքր հէկ-ի կառուցման նախագծին: Մշակվում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից «Հորս-1» փհէկ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Գնդասար Էներգո» ՍՊԸ հիմնադիրներն են Դավիթ Մանուկի Պապիկյանը (մասնակցությունը դադարեցված է) և Արմեն Լենիկի Առաքելյանը: Վերջինս Վայոց ձորի Շատին բնակավայրի բնակիչ է, որը նաև «Գնդասար ջուր» ՍՊԸ հիմնադիր է, բացի այդ՝ 2017թ.-ին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու։ Արմեն Լենիկի Առաքելյանը նաև «ԵՂԵԳՀԷԿ» ՍՊԸ հիմնադիրներից է:
Դավիթ Մանուկի Պապիկյանը հանդիսանում է Երևան քաղաքի բնակի ու ակտիվորեն ներգրավված է ՀԷԿ-երի բիզնեսում: 26-ամյա Դավիթ Պապիկյանի հոր՝ Մանուկ Պապիկյանի անունը կապվում է նաև Արցախում ՀԷԿ-երի կառուցմամբ զբաղվող «ԷՌԱ» ՍՊԸ հետ: Դավիթ Պապիկյանի եղբայր Ստեփան Պապիկյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է և անմիջական մասնակցություն է ունենում ՀԷԿ-երի նախագծման գործում: Նույն աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ «ԷՌԱ» ՍՊԸ մասնագետների կողմից Արցախում նախագծվել և կառուցվել են նաև «Հոչանց» ՀԷԿ-ը և բազմաթիվ այլ ՀԷԿ-եր: