100-ավոր արագիլներ դատապարտված են անկման Հրազդան գետ լցված նյութերի պատճառով (ֆոտո)

«Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկրում), որը ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով և որի հետևանքով թռչունը անընդունակ էր թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ»,- այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը:

Վերջինս մանրամասնորեն նկարագրում է խնդիրը՝ գրելով. «Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեր մասնագետները (Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ և Հայաստանի թռչունների պահպանման միություն Armenian Society for the Protection of Birds (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչև Մասիս քաղաք և Սիս համայնք ընկած հատվածը, ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարևանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը (բոլոր լուսանկրները կցում եմ):

Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ պատճառը ավելին քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթհայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ:

Անհապաղ հարկավոր է պարզել որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում / նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկմանը: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից:

Ի դեպ այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին էկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել թե, ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին:

Սույն գրառումս խնդրում եմ դիտարկել որպես ԿՈՉ պետական մարմիններին՝ ստեղծված իրավիճակը դիտարկել ՔՐԵԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ. վերահսկել բոլոր սննդամթերք արտադրող հաստատությունները, լինի դա ձկան / ձկնամթերքի, մսամթերքի կամ այլ բուսական սննդամթերքի պահածոների գործարաններ, փոքր ու միջին արդրամասեր, որոնք գտնվում են այդ տարածքում և անմիջական շձման մեջ են գետահոսքերի հետ: Մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության»:

Լուսանկարները՝ Մ. Ղասաբյանի (ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար)

Թարմացում. Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է գրառմանը՝ հայտնելով. «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Արարատի մարզում արագիլների փետրավորման աղտոտման և անկման վերաբերյալ խնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Խնդրի վերաբերյալ տեղեկեկատվությունը արդեն իսկ փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, իսկ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը մի խումբ կամավորների հետ վաղը տեղում կանցկացնեն համապատասխան ուսումնասիրություններ և մաքրման աշխատանքներ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում