Հայաստանը տարածաշրջանի առաջատար երկիրն է
Սույն թվականի ապրիլի 1-3-ը Հայաստան է ժամանել Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) առաքելությունը՝ տնօրենի տեղակալ Քլիվ Պոլիկարփի գլխավորությամբ։ Այցի շրջանակներում ապրիլի 2-ին նախաձեռնվել է աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության մարտահրավերները և հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերվող հարցեր։
Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է հիմնադրամի հետ արդեն իրականացվող մոտ 30 մլն դոլարի դրամաշնորհային ծրագրերի մասին, ընդգծելով, որ Հայաստանը Եվրասիայում առաջին, իսկ աշխարհում 10-րդ դրամաշնորհ ստացած երկիրն է, 2019 թվականից հանդիսանում է Կանաչ կլիմայի հիմնադրամի որոշումներ կայացնող բարձրագույն մարմնի՝ խորհրդի անդամ, իսկ Բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը տարածաշրջանի միակ հավատարմագրված ազգային մարմինն է։
Նախարարը կարևորել է կլիմայի փոփոխության ներքո բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, էներգետիկայի, առողջապահության և այլ ոլորտների համար հարմարվողականության մեխանիզմների ձևավորումը։
Կանաչ կլիմայի հիմնադրամի տնօրենի տեղակալ Քլիվ Պոլիկարփը, շեշտելով հիմնադրամի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցության փաստը, առաջնային է համարել Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը և նշել, որ հիմնադրամի ներքո արդեն իրականացվում են 15 մլդ դոլարի ծրագրեր և 2020 թվականից զարգացող երկրների համար այդ թիվը կբազմապատկվի։
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտել է, որ հիմնադրամի նման ներկայացուցչական պատվիրակության այցը խոսում է երկկողմ համագործակցության բարձր մակարդակի մասին։ Փոխնախարարը ներկաներին տեղեկացրել է, որ Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների թվում՝ կլիմայական փոփոխության առումով համարվել է 4-րդ խոցելի երկիրը, հետևաբար առաջնային լուծելիք խնդիրներ են դառնում դրանց դիմակայումը և հարմարվողականությունը։
Համաժողովին հրավիրված պետական, միջազգային կառույցների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներին մատուցվել է հիմնադրամի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հեռանկարները։