ԱԱԾ-ն ՀԱԷԿ-ում խոշոր կոռուպցիոն գործարք է բացահայտել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր:
Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ ձևակերպելով և ապրանքների իրական գներն այդկերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018 թվականների ընթացքում վաճառել են 33 մլն ՀՀ դրամ գումարով, այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ նախազգուշացնում է, որ բյուջեի միջոցների պատշաճ տնօրինման գործընթացը մշտապես պահվելու է օպերատիվ հսկողության ներքո, և ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ չարաշահումների և յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: