Էկոլոգ-իրավաբանը մի շարք օրենսդրական խախտումներ է առանձնացրել Ամուլսարի ծրագրում. աշխատանքային խմբի եզրակացություն /Նազելի Վարդանյան/

Ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:

Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:

Ներկայացնում ենք էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը: 

 

Նազելի Վարդանյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Վերջինս առանձնացրել է մի քանի կետեր, համաձայն որոնց օրենսդրական խախտումներ են հայտնաբերվել: Առաջինը կետում (Ջրային և Սևանա լճի մասին օրենսդրության խախտումները) նշվում է. «Պատահական չէ, որ ԳԱԱ Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը 2012թ. Ամուլսարի ծրագրին տվել է բացասական եզրակացություն: Մասնավորապես, եղել են հետևյալ հիմնավումները. 

  • «հանքավայրի լցակույտերը նախատեսվում են 2570-2360մ նիշերի սահմաններում, 735թ. աղետալի երկրաշարժի մի քանի կիլոմետր հեռավորության վրա. 40-50մ բարձրությամբ 4 շերտով շուրջ 100մ միջին բարձրությամբ m=1,0 շեպերի թեքությամբ, առանց միջանկյալ բերմանների: Նախագծում չկան շեպերի կայունությունը հիմնավորող հաշվարկներ` հաշվի առնելով տարածաշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը:» 
  • «նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետև Որոտան-Արփա-Սևան թունելով` Սևանա լիճ» 
  • Իջույթի սահմաններում զարգացած են ակտիվ սողանքային տեղամասեր, որոնց վրա լցակույտերի բեռնվարումը և հանքավայրում պայթեցման գործընթացները կարող են առավել ակտիվացնել սողանքային երևույթները, հատկապես գարնանային ամիսներին, իրենց անկախատեսելի հետևանքներով:»
  • «Ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միավայրի վրա ազդեցության գնահատման» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:»

Չնայած նրան, որ նշված հանգամանքներից ոչ մեկը չեն վերացել, նույն հանձնաժողովը 29.02.2016թ. անհիմն և անօրինական տվել է դրական եզրակացություն: Ընկերության կողմից անտեսվել է և շարունակվում է անտեսվել Սևանա լճի վրա բացասական ազդեցության հարցը: Եթե նախկինում իրենք պնդում էին, որ որևէ ազդեցություն չի լինելու Սևանա լճի վրա, այժմ ընդունել են Սևանի վրա ազդեցությունը, սակայն այն փորձել են լուծել կուտակային տարալվացման հարթակը /ԿՏՀ/ տեղափոխելով Գնդեվազ գյուղի մոտ: Սակայն, հանքարդյունահանումը, հանքաքարի մանրացումը և դատարկ ապարների կույտավորման աշխատանքները կատարվելու են Սևանա լճի ջրհավաք ավազանում` աղտոտելով այն»:

Երկրորդ կետով վերջինս անդրադառնում է «Ջերմուկ առողջարանի մասին օրենսդրության խախտումներին», երրորդ կետ՝ «Գնդեվազ, Կեչուտ, Գորհայք և Սարավան համայնքների վրա ազդեցությունը և իրավական կարգավորումները», չորրորդ կետ՝ «Ընդերքի մասին օրենսդրության խախտումները», հինգերորդ կետ՝ «Բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտումները», վեցերորդ կետ՝ «Կենդանական աշխարհի մասին օրենսդրության խախտումները», յոթերորդ կետ՝ «Պատմամշակութային արժեքների պահպանության մասին օրենսդրության խախտումները», ութերորդ կետ՝ «Քաղաքաշինության մասին օրենսդրության խախտումները», իններորդ կետ՝ ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փո ցֆրձաքննության մասին» և «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների խախտումներ» և այլն:

Նազելի Վարդանյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում