Ցանկացած հանք կարող է ունենալ բացասական ազդեցություն բնակչության առողջության վրա. աշխատանքային խմբի եզրակացություն /Առողջապահության նախարարություն/
Ինչպես հայտնել ենք, օրերս ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:
Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:
Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի, նույն ՊՈԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանի, նույն ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի «Ամուլսարի» ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը:
Ներկայացուցիչները նշում են, որ փերձել են ուսումնասիրել զուտ շրջակա միջավայրի գործոնների՝ մթնոլորտային օդի, ջրի, հողի և այլ փոփոխություններով պայամանավորված առողջության վրա հնարավոր ազդեցությունը: Ներկայացնենք որոշ հատվածներ եզրակացությունից. «Մթնոլորտային օդ. ... Հարկ է նշել, որ պետական մոնիթորինգ այդ տարածքներում չի իրականացվում, ուստի միակ հասանելի տվյալները Լիդիան ընկերության կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքներն են, որոնք ներկայացված են ընկերության կայքում:
...
Ամփոփելով, կարելի է եզրահանգել, որ փաստացի տվյալները որոշ դեպքերում տարբերվում են հաշվարկային ցուցանիշներից, ինչն ինքստինքյան առողջության համար որոշակի ռիսկ է առաջացնում: Փաստացի արտանետումները պայամանավորված են առավելապես շինարարական աշխատանքներով, հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքավայրի արդյունահանումը և հիմնական շահագործումը դեռևս չի սկսվել: Այնուամենայնիվ, արտանետումների կազմը դժվար թե փոփոխությունների ենթարկվի, կարող է փոփոխվել դրանց քանակը: Ամեն դեպքում անհրաժեշտ է ուսումնասիրել արտանետումների, հատկապես փոշու, նվազեցման նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և արդյունավետությունը, անհրաժեշտության դեպքում՝ վերանայել և լրամշակել դրանք»:
Նախարարության ներկայացուցիչները որոշակիորեն վերլուծում են վերոնշյալ կետերը՝ մթնոլորտային օդ, ջուր, հող և այլ փոփոխություններ ու գալիս եզրահանգման. «Չնայած վերլուծության արդյունքներին և պատճառահետևանքային կապերի ապացուցողական բացահայտմանը խանգարող հանգամանքներին, այնուամենայնիվ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած հանք կարող է ունենալ բացասական ազդեցություն բնակչության առողջության վրա, ուստի դրա նվազեցման համար անհրաժեշտ է պարտադիր ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը, ինչպես նաև հանքավայրի շահագործման և բնապահպանական նորմերի կիրառման խիստ վերահսկողություն սահմանել, իսկ հետազոտությունները պետք է կրեն մոնիտորինգային և շարունակական բնույթ»: