Ամուլսարի և Ջերմուկի աղբյուրների միջև կապը լիովին բացառել չի կարելի. աշխատանքային խմբի եզրակացություն /Լիլիթ Սահակյան/

Ինչպես հայտնել ենք, օրերս ավարտվել են Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնել է խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս մասնակից է եղել աշխատանքային խմբի գործունեությանը:

Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամների եզրակացություններն ու կարծիքները խմբագրությունը կհրապարակի անհատական:

Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ ԵԳԻ գիտական գծով փոխտնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանի մասնագիտական եզրակացությունը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում «Ամուլսար ծրագրի» գործունեության երկրաբանական, բնապահպանական ռիսկերի վերլուծության շրջանակներում:

Լիլիթ Սահակյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

 

Առաձնացնենք մի քանի հատված Լիլիթ Սահակյանի եզրակացությունից. «Ընդհանուր հիդրոերկրաբանական պատկերացումներից ելնելով, Ջերմուկի հանքային ջրերի վրա Ամուլսարից ազդեցությունը պետք է որ չլինի: Ջերմուկի հանքային ջրերը տեղադրված են 1000մ հիպսոմետրիկ ավելի ցածր դիրքում քան Ամուլսար հանքային դաշտը։ Սակայն Ամուլսարի տարածքում երկարաժամկետ աշխատանքների դեպքում, երբ զգալիորեն խախտվելու է բնական պայմանների հավասարակշռությունը, այդ թվում՝ ջրերի (ինչպես մակերևութային, այնպես էլ ստորերկրյա) այդ ազդեցությունը բացառել չի կարելի։
Իզոտոպային հետազոտությունների արդյունքները (8 նմուշ) բավարար չեն Ամուլսարի հանքավայրի ջրերի և Ջերմուկ թերմալ աղբյուրների միջև ծագումնաբանական կապը լիովին բացառելու համար:

Անհրաժեշտ է իրականացնել ինչպես Ջերմուկի հանքային ջրերի և քաղցրահամ աղբյուրների, այնպես էլ Ամուլսար տարածքի այլ ջրաերևակումների մանրամասն ուսումնասիրություն և մոնիտորինգ, այդ թվում ջրերում ստրոնցիում իզոտոպի անալիզ, ինչպես նաև այլ երկրաքիմիական ճշգրիտ հետազոտություններ

Ջերմուկը ասոցացվում է չորրորդական հրաբխային ապարների հետ և հանդիսանում է երիտասարդ հրաբխականության (1-0,01 Ma) հետ կապված հիդրոթերմալ ջրերի և ստորգետնյա տարբեր հորիզոնների ջրերի խառնման արդյունք, իսկ Ամուլսար հանքավայրի առաջացումը ավելի հին մագմատիկ ապարների հետ է կապված (34 Ma), այդ պատճառով էլ ստրոնցիումը և այլ իզոտոպները (թթվածին, ջրածին, ածխածին) նրանց ջրերում կտրուկ կտարբերվեն, ինչը կարող է հերքել Ամուլսարի և Ջերմուկի միջև կապը կամ հակառակը: Անհրաժեշտ է սուլֆատի ծծմբի իզոտոպային անալիզ նույնպես իրականացնել, քանի որ Ջերմուկի ջրում սուլֆատ-իոնի բավականին մեծ քանակություններ կան՝ 600-1400 մգ/լ, պարզելու համար, թե իզոտոպային կազմով նրանք ինչ աստիճանի կարող են տարբերվել բաց հանքի օքսիդացման զոնայից ներկրվող սուլֆատից:

Այնուամենայնիվ հուսադրող է այն փաստը, որ ըստ հաշվետվության, իրականացվելու է ջրերի կառավարում, անկախ այս համակարգերի կապի գոյությունից: Բացի դա ստորերկրյա ջրերի մոդելավորումը (ըստ երկրաֆիզիկական և հորատման տվյալների և այլ) ցույց է տալիս, որ Կեչուտ- Սպանդարյան թունելը սնվում է ստորգետնյա ջրերով, այսինքն Սևանի ավազան այս ճանապարհով մակերևույթային քիչ քանակությամբ ջուր է թափվում»:

Վերջինս գրում է նաև. «Երկրաշարժի վտանգի գնահատում և սեյսմիկ պարամետրեր հավելվածում (22) բերված է համառոտ հաշվետվություն, ուր բացակայում են առաջնային նյութերի և բուն հաշվարկների մանրամասները: Միայն առկա հղումներով, առանց տեսնելու բուն գործընթացը դժվար է ամբողջական պատկերացում ունենալ կատարված աշխատանքի մասին: Սակայն համառոտ հաշվետվությունից երևում է, որ կատարված են հիմնական պահանջվելիք քայլերը, վերլուծությունները վերջնական արդյունք ստանալու համար»:

Լիլիթ Սահակյանի մասնագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:

ԵՊՀ Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ, Կայուն զարգացման կենտրոնի (ԵՊՀ) փորձագետ, Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Մովսիսյանի կարծիքը կարող եք կարդալ հղումով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում