Ամենապրիմիտիվ տվյալներին չեք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Հանդիպման ընթացքում վարչապետը հարց ու պատասխան ունեցավ մարզպետի, մարզպետարանի աշխատակիցների և այլ մարդկան հետ, որի ընթացքում հնչեցված հարցերը պարզ դարձրեցին. մարզպետն ու մյուս պատասխանատուները չեն տիրապետում մարզի ցուցանիշներին:

Նախ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը վարչապետի հետ զրույցում հայտնեց, որ մարզում կա 40 000 հա կաթիլային եղանակով ոռոգվող հողատարածք: Պարզվեց խոսքը գնում է 40 հա տարածքի մասին: Այնուհետև վարչապետին դժվարացան հայտնել նաև, թե քանի հա հակակարկտային կայան կա մարզում և արդյունավետ են արդյո՞ք դրանք: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հարցերի մի մասը չստացավ բավարարող պատասխան:

«Մենք ամեն օր դրա մասին խոսում ենք, հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում, բայց ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Այսինքն, պետք է սկսել այստեղից: Մենք չգիտենք ինչ է կատարվում, բայց ուզում ենք ինչ-որ բան անել: Այդպես չի լինում»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած հակակարկտային կայանների արդյունավետության հարցը մշտապես քննարկվել է և ներկայում էլ քննարկվում է, բայց կա կոնկրետ օրինակ, որն ապացուցում է դրանց օգտակարությունը. խոսքը, ըստ վարչապետի, Արագածոտնի մարզում գործող «Գոլդեն Գրեյփ Արմաս» ընկերության մասին է: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեկ շաբաթ առաջ այցելել է այս գործարան, և ընկերության ղեկավարը, ներկայացնելով հակակարկտային պաշտպանության զենիթային համակարգի աշխատանքը, վստահեցրել է, որ նորմալ գազով լիցքավորելու դեպքում այս կայաններն աշխատում են արդյունավետ, և դրանց տեղադրումից ի վեր մինչ օրս ընկերության այգիները կարկտահարությունից չեն տուժել: «Եզրակացությունն այն է, որ ոչ թե կայանների աշխատանքի, այլ կայանների օգտագործման խնդիր ունենք», - նշել է վարչապետը և հանձնարարել գյուղատնտեսության նախարարին` շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ համատեղ նորից լրջորեն քննության ենթարկել հակակարկտային պաշտպանության զենիթային կայանների արդյունավետությունը, ուսումնասիրել, թե որ համայնքներում ինչ գազով են լիցքավորում և ներկայացնել տեղեկատվություն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրի ճիշտ օգտագործման և ջրատար առուներն աղբով լցված լինելու խնդրին, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարությունը խնդիր է ձևակերպել, որ Սևանը պետք է հանգիստ թողնել, իսկ դրա համար պետք է ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործել: Այս խնդիրները շղթայաբար կապված են, և իրար հետևից լուծելով պետք է շղթան կտրենք, կոռուպցիոն սխեմաները քանդենք»:

Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է աշխատել խնդիրներն ամենօրյա ռեժիմով լուծելու տրամաբանությամբ: «Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր: Քայլ առ քայլ պետք է գնանք բոլոր հարցերի լուծմանը», - եզրափակել է վարչապետը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում