Բնապահպանության նախարարությունը 8 տարում կծառապատի 5700 հեկտար տարածք
Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Բնապահպանության նախարարության հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի հերթական ծրագրի իրականացման վերաբերյալ:
Ներկայումս Հայաստանում է գտնվում ՊԳԿ-ի առաքելությունը, որի նպատակն է վերջնական տեսքի բերել «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրային առաջարկը և նախապատրաստել անհրաժեշտ քայլեր՝ այն Կանաչ կլիմայի հիմնադրամին պաշտոնապես ներկայացնելու համար:
Ծրագիրը կիրականացվի բնապահպանության նախարարության կողմից՝ 8 տարի տևողությամբ։ Ծրագրով նախատեսվում է ծառապատել 5700 հեկտար տարածք, և գործընթացին կներգրավվեն բազմաթիվ ազգային ու միջազգային գործընկերներ, այդ թվում համապատասխան նախարարություններ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև միջազգային դոնորներ: