Հյուսիսային Օսիայում երկու կովկասյան ընձառյուծ բաց է թողնվել վայրի բնություն
Օրերս Հյուսիսային Օսիայում պարսկական կամ կովկասյան ընձառյուծի երկու առանձնյակ բաց են թողնվել վայրի բնություն: Էգ առանձնյակին անվանել են Վոլնա (Ալիք - Wave), իսկ որձին՝ Էլբրուս: Գիշատիչներն ուղղաթիռով Օսիա են բերվել Սոչիից և բաց են թողել Ալանիա ազգային պարկում: Այս միջոցառումը հանդիսանում է կովկասյան ընձառյուծի վերաբնակեցման ծրագրի մաս, որը նախատեսում է վերադարձնել կենդանուն այն տարածաշրջան, որտեղ վերջինս խորհրդանիշ է:
Վոլնան ու Էլբրուսը ծնվել են երկու տարի առաջ Սոչիի ազգային պարկում: Էգ առանձնյակի մայրը իրանական Չերի անունով ընձառյուծն է, իսկ հայրը՝ Ալուսը Թուրքմենստանից: Էլբրուսի ծնողները Լիսաբոնի կենդանաբանական այգու բնակիչներ են: Մինչ Ալանիա ազգային պարկ տեղափոխելը ստուգվել է կենդանիների որսալու և վայրի բնության մեջ գոհատևելու այլ անհրաժեշտ հմտությունները:
WWF-Ռուսաստանի գլխավոր տնօրեն Իգոր Չեստինն ասում է. «Մենք ուրախ ենք, որ Կովկասում ընձառյուծի վերաբնակեցման ծրագրին նոր տարածաշրջաններ են միանում: Հյուսիսային Օսիայի հետ նախագիծը մենք մեկնարկել ենք երկու տարի առաջ և հուսով ենք այն հաջողություններ կգրանցի»:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ ամսին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF-ի/ ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել էին կովկասյան ընձառյուծ։ 2002 թ․-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։
Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica), ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի WWF գրասենյակների կողմից։ Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: